Հանրակացարանում ապրող սիրիահայերը Հայաստանում մնալ չէին պլանավորել (տեսանյութ)
Նոր Նորքի հանրակացարանի մի փոքրիկ սենյակում բնակվում է քեսաբահայ Արմինե Նազարյանն ամուսնու հետ։ 2013թ-ից են հաստատվել Հայաստանում, թեև այն ծրագրված չի եղել։ «Ամուսինս այստեղ Թուրքիա-Երևան գիծը պիտի աշխատեր, ես եկա հետը, աշխատավ, բայց մենք պիտի ետ վերադառնայինք։ Մենք Թուրքիայի կողմեն եկանք, սահմանը գոցվեցավ, մնացինք էստեղ։ Ես ոչ մի բան հետս բերած չէի , եկած էինք, որ ետ դառնանք, բայց որ եկանք, ստեղ սահմանը արդեն չբացվեցավ։ Մենք որ Քեսաբ էինք, արդեն կար կռիվ, կրակոցներ, պայթոցներ, բայց չէին մտած դեռ իրենք, մենք ըսինք ետ կվերադառնանք, չկրցանք ու մնացինք հոս»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Արմինե Նազարյանը։ Ի սկզբանե հանրակացարանում չեն ապրել։ Այստեղ ապրում են 4 ամիս՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ։ Մինչ տեղափոխվելը վարձով են ապրել։ Ամուսինն աշխատում է «Սանիտեք» կազմակերպությունում։ Նազարյանները Հայաստանի քաղաքացիություն չունեն և ոչ էլ ունեն փախստականի կարգավիճակ։ «Ես ունեմ 10 տարվա կացության անձնագիր , բայց ես հիմա ճամփորդական փախստականի կարգավիճակի համար էլ դիմած եմ, ադի ալ պիտի ունենանք։ Հիմա ներկայիս ոչ մի տեսակ օգնություն չունինք, ամենը ինչը մեր վրան է հոգսերը»,-նշում է նա։ Քեսաբում են մնացել նրանց բոլոր հարազատներն ու ազգականները, ժամանակ առ ժամանակ շփվում են սկայպի միջոցով։ Բարեկամները ուզում են տեղափոխվել Հայաստան, բայց չեն կարող ՝ նյութական միջոցներ չունեն ։ Մինչ սիրիական ճգնաժամը, Քեսաբում ապրում էր 5000-6000 հայ, բայց նախորդ տարվա մայիսին Քեսաբի վրա հարձակումից հետո շատերը լքել են իրենց բնակավայրերը։ «էն ժամանակ՝ մինչ պատերազմը, հայությունը շատ-շատ էր, բայց այս վերջերս արդեն էլ ոչ, շատերը Լիբանան գնացին, Եվրոպա գնացին, երիտասարդությունը Դուբայ գնաց, Կանադա ճամփորդեցին, բայց մեր հայությունը այնտեղ ուրիշ էր՝ մեր դպրոցները, մեր ակումբները, հայկական եկեղեցիները, մեզ ոչ մեկ ոչ մի տեսակ նեղություն տված չէր, մենք շատ գոհ էինք»,-ասում է տիկին Նազարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում