Մհեր Ենոքյանին դատարան չէին բերել. նիստը չկայացավ
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործով նշանակված դատական նիստը Վերաքննիչ քրեական դատարանում այսօր չկայացավ։ Նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դատարան չէին բերել։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը բավարարել էր Մհեր Ենոքյանի միջնորդություն-խնդրանքը՝ մասնակցելու իր ներկայացրած բողոքի քննությանը: Սակայն քրեակատարողական հիմնարկից որեւէ գրություն չէր ուղարկվել, թե ինչու չի ապահովվել Մհեր Ենոքյանի ներկայությունը։ Մհեր Ենոքյանը Վերաքննիչ դատարանում վիճարկում էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը արտագնա դատական նիստում մերժել էր 20 տարվա վաղեմության գործը վերաբացելու վերաբերյալ հայցը։ Դեպքից 19 տարի անց միջազգային փորձագիտական կենտրոնը տվել է եզրակացություն, ըստ որի՝ Մհեր Ենոքյանը չի եղել սպանություն կատարող անձը։ Սակայն դատախազությունը եւ դատարանը դա նոր երեւան եկած ապացույց չեն համարել։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 8-ը։ Մինչ այդ որոշում կկայացվի` նիստն արտագնա կարգով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցկացնել, թե՝ ոչ։ Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը մեղադրվում է համակուրսեցուն սպանելու մեջ։ Մինչ օրս նա չի ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ փորձել է կանխել սպանությունը։ Գործով մյուս մեղադրյալը՝ Արամ Հարությունյանն, արդեն ազատության մեջ է։ Նա ընդունել էր իր մեղքը։