Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արեւի տակ տեղ գտնելու համար գնում, քծնում են Սերժ Սարգսյանին»

Քաղաքականություն
05.02.49

Հայաստանը չի կարող դուրս գալ Սահմանադրական փոփոխությունների բեռի տակից. համոզված է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Մնացած խոսակցությունները, ըստ նրա, անիմաստ են. «Կարևոր չէ, թե ով կընտրվի, ով կդառնա նախագահ, կարեւոր չէ այս քծնանքը, բլեֆ- ժողովրդավարությունը, պաթետիկ ելույթները, պարզապես Հայաստանը այսօր չունի այն մարդկային, ֆինանսական աջակցությունը, այն լեգիտիմությունը, որ կարողանա այս ամենը մարսի»,- ասում է պարոն Մանուկյանը: Սահմանադրական փոփոխությունների հետ լիովին հարմարվելու ու իրականություն դարձնելու համար, պատգամավորի պնդմամբ, դեռ տասնյակ տարիներ են պետք: ՀԱԿ պատգամավորը վստահ է` այս փոփոխությունների հիմնական իմաստն այն է, որ Հայաստանում վերանա ընտրությունների մեխանիզմը. «Ամեն ինչ ուզում են անել, որ առանց ժողովրդի ամեն ինչ անեն: Այդ ամենը իրենք ասացին անգամ ԱԺ դահլիճում՝ չհասկանալով, որ այն, ինչ լսել են ներքին խոհանոցային խոսակցությունների ժամանակ, չպիտի ասեին»: Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահը կդառնա թույլ ֆիգուր՝ հիշեցնում է Արամ Մանուկյանը ու հավելում` Ռուսաստանին հենց դա է պետք: Արամ Մանուկյանին անհանգստացնող մյուս հարցը Հայաստանի պատերազմական իրավիճակն է. «Մենք դրան չենք դիմանա, պառլամենտական համակարգը չի ձգի, ի վիճակի չի նա նման հարցեր լուծել»: «Այս փոփոխությունների արդյունքում ես երաշխավորում եմ, որ լինելու են քաղաքական բախումներ, կեղտոտ մրցավազք` ցուցակում տեղ գրավելու համար` այն արդեն սկսվել է: Արեւի տակ տեղ գտնելու համար գնում են, քծնում են ու հանդիպում Սերժ Սարգսյանի հետ»,- հավելում է պատգամավորը: Արամ Մանուկյանը հիշեցնում է նաեւ ահագնացող արտագաղթի մասին. «Եթե այսպես շարունակվի, մեր երկիրը մարդկային ռեսուրսի կրիտիկական սահմանին կհասնի: Հայաստանը այսօր ունի այնքան մարդ, ինչքան 1991 թվականին քվեարկել էին անկախության համար: Մեր իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է արտագաղթը լինի: Արտագաղթը այսօր կործանում է Հայաստանի ապագան: Այն, ինչ իրենք հիմա անում են` դավաճանություն է, քյալագյոզություն, արկածախնդրություն, որ կապում են ժողովրդի գլխին: Ես եւ մեր կուսակցությունը ոչինչ չունենք շահելու, դրա ընդունումից կամ չընդունումից, բայց ես SOS եմ բարձրացնում, քանի որ լինելով անկախության հռչակողներից մեկը` ցավ եմ ապրում»: