Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր երկրում քաղաքական հարցերը լուծվում են քաղաքական դաշտից դուրս»

Քաղաքականություն
khachatryan-nkar

«Հայաստանի տնտեսությունը հայտնվել է մի վիճակում, որ կառավարությունն այլևս ոչինչ չի կարող անել, մեր վիճակն այդքան վատ է: Սակայն մի կողմից էլ պետք է ինչ-որ բան անել, չի կարելի ոչինչ չանել»,- կարծում է տնտեսագետ, ՀԱԿ կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ վիճակից դուրս գալու համար Հայաստանը պետք է հետևի Ռուսաստանի օրինակին ու արժեզրկի դրամը. «Պատժամիջոցների պայմաններում դա լավագույն լուծումն էր այդ երկրի համար: Հայաստանի դեպքում լավ քայլ կլինի նաև արտարժույթի ներկա մակարդակը պահպանելը»: Պարոն Խաչատրյանը պնդում է, որ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելու համար լուծումներ էր առաջարկել նաև Համաշխարհային բանկը. «Միջազգային կազմակերպությունները տալիս են իրենց գնահատականներն ու անում առաջարկություններ, մինչդեռ մեզ հարկավոր են քաղաքական լուծումներ, իշխանությունները պետք է կամք դրսևորեն ու լուծեն տնտեսական խնդիրները»: Տնտեսագետի համոզմամբ՝ Հայաստանի էներգետիկ ոլորտին վատթար վիճակից դուրս չի բերի նույնիսկ ՀԷՑ-ի վաճառքը. «Շատ զարմանալի էր, որ ռուսները ՀԷՑ-ը որոշեցին վաճառել, քանի որ մինչև վերջերս նրանք այլ հայտարարություններ էին անում: Սրանով էլ խնդիրները չեն լուծվի, և մենք նորից կկանգնենք այն խնդիրների առաջ, որ հիմա ունենք: Պետք չէ նաև սպասել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման»: Վահագն Խաչատրյանն անդրադառնում է նաև Հրանտ Բագրատյանի՝ Բաղրամյան 26 գնալու և Սերժ Սարգսյանին հանդիպելու փաստին. «Դա պետք է ընդունել որպես քաղաքական գործընթաց: Այդ հարցն էլ իր որոշելիքն է, միգուցե ինքը բերի փաստարկներ, որ պետք էր գնալ: Պարզապես մենք բոլորս պետք է իմանանք, որ մեր երկրում քաղաքական հարցերը լուծվում են քաղաքական դաշտից դուրս»: