Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք մեզնից ավելի տեղյակ եք». ՀՀԿ պատգամավորը՝ Լեւոն Զուրաբյանին

Քաղաքականություն
MHM88441

ԱԺ-ում այսօր, երբ հարակից զեկույցով հանդես եկավ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նրան հիշեցրեց, որ առաջին Սահմանադրության ստեղծման ժամանակ կոնցեպտուալ հիմք հանդիսացավ անկախությունը. «Այն մշակվել է չորս տարի, 150 հազար օրինակով տպվել ու բաժանվել է բնակչությանը: Իսկ այս նախագիծն ամենամեծ խայտառակությունն է՝ նախ որ այն հրապարակեցիք մաս-մաս: Այս ի՞նչ փնթի գործընթաց է: Տպավորությունն այն է, որ առավոտը ինչ-որ տեղ եք շտապում, ձվածեղ եք սարքում. մի մոռացեք՝ դուք Սահմանադրություն եք սարքում ամբողջ ժողովրդի համար, ո՞ւր եք շտապում, ինչի՞ համար եք այսպես վարվում, կարելի՞ է այսպես անլուրջ, շտապողական մոտեցում ունենալ մեր երկրի թիվ մեկ փաստաթղթի ընդունման առումով»: Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ գայթակղությունը մեծ է քաղաքական պատասխան տալու, սակայն հասկանալով, որ սեղաններին դրված է  բավականին լուրջ մի փաստաթուղթ, կփորձի բացատրել, թե այս նախագիծն ինչ ճանապարհ է անցել 2013թ. սկսած. «Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր առողջ առաջարկի համար, որ Հանրային ՀԸ-ով է հեռարձակվում մեր այս քննարկումը»: Ի պատասխան, Լեւոն Զուրաբյանը նշեց, որ Հովհաննես Սահակյանը չպատասխանեց իր այն հարցին, թե ինչու են մաս-մաս հրապարակել Սահմանադրությունը. «Հոկտեմբերի երեքին նախագիծը կդրվի քվեարկություն, դեկտեմբերի վեցին կլինի հարաքվե, այսինքն, նպատակը այսպիսի շտապողականության մեկն է՝ կարողանաք մինչեւ տարվա վերջ ընդունեք այս Սահմանադրությունը: Բացի այդ, ՀՀԿ-ն կարծես բաժանվել է երկու խմբի՝ մեկն ասում է՝ Սերժ Սարգսյանը չի վերարտադրվելու, մյուսն ասում է՝ ինչ վատ է, որ վերարտադրվի: Ուզում եմ հասկանալ՝ ո՞ր խմբին եք դուք պատկանում, պարոն Սահակյան»: Հովհաննես Սահակյանը տարօրինակ համարեց, որ Լեւոն Զուրաբյանը կարող է այսպիսի ճշգրտությամբ նշել ամսաթվեր. «Մեզնից ավելի շուտ կարծես իմանաք ամեն ինչ. կամ մեր խմբակցության մեջ եք, կամ մեզ հետ եք քննարկում. դուք մեզնից ավելի տեղյակ եք: Ինձ չի թվում, թե իմ տեսակետը, թե որ թիմին եմ պատկանում, ձեզ կհետաքրքրի: Մենք հետեւում ենք մեր կուսակցության նախագահի առաջադրանքներին: Ներքին ժողովրդավարության առումով մեր կուսակցությունը կարծես թե առաջ է անցել ձեզնից: Իսկ իմ տեսակետը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մասին, ձեզ առանձին կասեմ. եթե նա որեւէ պաշտոն էլ չզբաղեցնի, նա այս երկրի համար մեծ հետք թողած պետական գործիչ է մնալու»: Իր կուսակցին շտապեց գոտեպնդել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Համենայնդեպս ՀՀԿ-ն տարբերվում է ՀԱԿ-ից, որտեղ հինգ կուսակցությունով վեց կարծիք եք ունենում»: