Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լավ կլիներ, որ չգնային Բաղրամյան 26 և չմասնակցեին ֆոտոսեսիայի». «Չեք անցկացնի» (տեսանյութ)

Քաղաքականություն
cheq-anckacni-

Սեպտեմբերի 25-ին Գյումրու թատերական հրապարակում փոփոխվող սահմանադրության դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը հանրահավաք կանցկացնի։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 12-ին նրանք ոչ-ի ճակատ ձևավորեցին։ «Էլի ծրագրեր ունենք, նաև Երևանում հանրահավաք անցկացնելու մասին ենք մտածում, բայց դեռ չենք ուզում բարձրաձայնել»,-ասաց նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը։ Այս պահին կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում։ «Երեկ հանդիպել ենք «Ժառանգություն» կուսակցության անդամների հետ։ Քննարկել ենք տարբեր հարցեր, այդ թվում՝ ի՞նչ ներդրում իրենք կարող են ունենալ հանրահավաքների կազմակերպման հարցում»,-հայտնեց նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Արմեն Գրիգորյանը։ Հարցին, թե չե՞ն մտահոգվում, որ շարժումը կարող է քաղաքականացվել կամ օգտագործվել որևէ ուժի կողմից սեփական շահերի համար, Արմենը նշեց. «Թյուր կարծիք է ստեղծվել, որ եթե շարժումը քաղաքական է, ուրեմն բոբո է։ Որևէ վտանգ չկա, որ կքաղաքականացվի սա, բայց մենք քաղաքական հարց ենք բարձրացրել։ Եվ կարծում եմ, որ պետք է համագործակցենք քաղաքական ուժերի հետ»։ «Չեք անցկացնի»-ի անդամները քաջատեղյակ են, որ ընդդիմադիր շատ գործիչներ գնացել են նախագահական նստավայր, հանդիպել Սերժ Սարգսյանին, ձեռք սեղմել։ «Լավ կլիներ, որ ընդդիմադիրները չգնային Բաղրամյան 26 և չմասնակցեին ֆոտոսեսիայի։ Բայց դա մեզ համար օրակարգային հարց չի, այլ կարևոր է մեր առաջիկա հանրահավաքը»,-շեշտեց Արմենը։ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամություն էր հայտնել։ Երեկ նա էլ գնաց նախագահական։ «Պարոն Բագրատյանը դեռ չի հայտարարել՝ ինչո՞ւ է գնացել այնտեղ։ Գուցե ասի, որ գնացել է հայտարարի, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին և գնացել է իր մտահոգությունը հայտնելու այնտեղ, կամ ասի, որ կողմ է։ Դա պետք է ինքը հայտարարի»,-նշեց նա։ «Ամեն դեպքում խնդիր առաջացավ, որ Հրանտ Բագրատյանը հանդիպում է Սերժ Սարգսյանին, բայց դրանից պետք չի տրագեդիա սարքել։ Մենք առանց պարոն Բագրատյանի էլ կարող ենք գնալ առաջ։ Եթե նա ցանկանա, միասին էլ»։ Հիմնական պայքարի տեղը երիտասարդները փողոցն են համարում։ «Չեք անցկացնի»-ն վստահ է, որ կկարողանա տապալել սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն։