Ով ում հետ էր ԱԺ դահլիճում քննարկումների ժամանակ
ԱԺ այսօրվա նիստում շարունակվեցին Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հարց ուղղելով Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին, հայտարարեց, որ ինքը չի հիշում, որ այս քսանհինգ տարվա ընթացքում կառավարության ձեւավորումը ճգնաժամային է եղել. «Քաղաքական մեծամասնությունը կոալիցիա ձեւավորելու ճանապարհով է միշտ գնացել եւ հետեւաբար, անտրամաբանական է դառնում, երբ նախագծում հավելյալ նշվում է, որ առավելագույն ձայներ հավաքած երկու քաղաքական ուժերը կարող են գնալ երկրորդ փուլ՝ նաեւ կոալիցիաներ կազմելով: Նման մենթալիտետ ունենալով՝ նման կետ ունենալը համոզիչ չէ. համոզիչ չէ՝ մեր այս քաղաքական կենսագրությունը հաշվի առնելով: Սա կարող եք դիտարկել նաեւ առաջարկություն: Ես խոսում եմ ռեալ պոլիտիկի հիմքերից, այլ ոչ թե տեսական եմ խոսում»:
Վարդան Պողոսյանը նշեց, որ այդ կետը կա, քանի որ երբեմն կոալիցիաներ ստեղծելու հնարավորություն չի լինում եւ այդ հարցը սահմանադրորեն են փորձել լուծել: Նա նաեւ նշեց, որ համաձայն չէ, որ ՀՀ-ում քաղաքական մենթալիտետի հարցն ուժեղ է. «Միշտ չէ, որ 50 տոկոսից ավելի ձայն հավաքած կուսակցությունը միշտ պետք է մեծամասնություն լինի: Եթե անցնում ենք համամասնական ընտրակարգին, ապա նման խնդիր ընդհանրապես չի լինելու»:
Ի դեպ, նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ, «Ալյանս» նորաստեղծ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նստել էր ԱԺ անկախ պատգամավոր, կրկին նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կողքին ու զրուցում էին: Իր տեղը ժամանակավորապես թողել ու ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի կողքին էր նստել ու զրուցում ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Պատգամավորները զարմանք ապրեցին, իսկ ոմանք էլ հազիվ էին զսպում իրենց ծիծաղը, երբ դահլիճ մտավ ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը (նկարում): Նա ԱԺ էր եկել ամառային թեթեւ զգեստով՝ գլխին արեւային ակնոց:
