Արա Զոհրաբյանը նոր սահմանադրության շուրջ որոշ մտահոգություններ ունի (տեսանյութ)
Սահմանադրության առաջարկվող նախագծի մարդու իրավունքներին վերաբերող դրույթներում կան ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխություններ։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գնահատմամբ՝ հետընթաց է գրանցվել անձի սեփականության իրավունքի պաշտպանության հարցում։ «Օրինակ, վաղը հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ անձը կարող է զրկվել սեփականության իրավունքից, կամ ճանապարհային տեսուչի որոշմամբ։ Ես կարծում եմ՝ սա լուրջ հետընթաց է»,- ասում է նա։ Նոր նախագիծը սահմանում է, որ հավաքների մասին իրազեկումը բաց տարածքներում պետք է սահմանվի օրենքով, ինչը մասնագետների կարծիքով՝ սահմանափակում է։ Հավաքների անցկացումը սահմանափակելու հնարավորություն տալիս է գործող Սահմանադրությունը։ Ըստ Զոհրաբյանի՝ մեկ դրական դրույթ է ավելացվել. «Ի տարբերություն գործող Սահմանադրության՝ նախագիծը նաև երաշխավորել է անձի մասնակցելու իրավունքը, այսինքն՝ անձի իրավունքների մեջ դա հստակ երաշխավորվել և շեշտադրվել է»։ Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը չի հասկանում, թե ինչպես են նոր նախագծում մարդու իրավունքների սահմանափակումները հիմնավորվել բարոյականությանը հղում տալով. «Եթե վաղը բուդդիստները կամ կրիշնայականները դուրս գան փողոց, կարող է որոշեն, որ դա բարոյականության դե՞մ է»,- նշում է նա։ Ըստ նրա՝ լիովին պաշտպանված չէ մարդու կյանքի իրավունքը։ «Ոստիկանությունը մեկին սպանում է օպերացիայի ժամանակ և ասում՝ դա արվել է պարտականությունը կատարելու նպատակով։ Ոստիկանները կարող են գրել, որ դա որոշակի նպատակ է ունեցել»,- հավելում է իրավապաշտպանը։ Ավելին՝ տեսանյութով