ԱԺ-ն կարող է ընկնել մի քանի միլիարդատերի ձեռքը, ինչպես Բերլուսկոնիի պարագայում
ԱԺ-ում այսօր սահմանադրական փոփոխությունների քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, թեեւ ըստ հերթագրման 27-րդ համարի տակ պետք է հարց տար, սակայն իր հերթը խնդրեց առաջ բերել եւ 17-րդ համարի ներքո հերթագրված ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի փոխարեն հարց տվեց: Ըստ պատգամավորի՝ նոր Սահմանադրության հայեցակարգում նշված է, որ մարդու իրավունքները գերակա են, նախագիծը մարդակենտրոն է. «Ինչո՞վ եք դա հիմնավորում, չէ՞ որ նախորդ Սահմանադրության մեջ էլ կան այդ նույն դրույթները: Ինչո՞ւ եք համառորեն խղճի, ընտանիքի մասին կետերը սահմանափակվում են հասարակական շահերի պարագայում: Այսինքն, դուք դրանով ջրում, ոչնչացնում եք մարդու իրավունքները: Դեմոկրատիա եք ասում, սակայն կայուն մեծամասնության խնդիր եք դնում: Իտալիայի օրինակն եք բերում, սակայն վաղը նույն վտանգը չկա՞, որ մի քանի միլիարդատերի ձեռքը կլինի այս ԱԺ-ն, ինչպես եղավ Բերլուսկոնիի պարագայում, որը մի այլանդակ երեւույթ էր: Ստացվում է՝ ընդդիմությունը պետք է լինի քառասուն տոկոս, որ կարողանա թեկնածու առաջադրի երկրորդ փուլում»: Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ այդ սահմանափակումները չեն նշանակում, որ նշված իրավունքները դադարում են. «Որոշակի իրավունքներ էլ ուղղակի սահմանափակվում են մի քանի լեգիտիմ հիմքերով, այդ թվում՝ հասարակական կարգի ապահովման նպատակով: Իսկ ամուսնությունը չի կարող մերձավոր ազգականների ու որդեգրողի, որդեգրվողի միջեւ լինի: Կարելի է նշված հիմքերը կոնկրետացնել, ասենք՝ գրել առողջության եւ բարոյականության հիմքեր»: