Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արի ստեղ հլը...դու արի ստեղ». ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն թեժ բանավեճի մեջ են (տեսանյութ)

Քաղաքականություն
Hrant_Bagratyan

ԱԺ-ում այսօր շարունակվում են Սահմանադրական փոփոխությունների նախագծի  շուրջ քննարկումները: Քննարկմանը անհանգիստ էր ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, նա պարբերաբար տեղից ռեպլիկներ էր անում, ընդվզում: Մեծ աղմուկ առաջացրեցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցերը: Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը երեկ կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Սերժ Սարգսյանն անձամբ է հայտարարել, որ խորհրդարանական համակարգին անցնելու պարագայում ինքը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին. «Երբեք նա անձամբ հրապարակային չի հայտարարել, որ ԱԺ նախագահի պաշտոնին չի ձգտում, դուք ապատեղեկացնում եք մեր ժողովրդին: Դուք ասում եք՝  մեր Սահմանադրությունը կոնֆլիկտոգեն է: Մի որեւէ օրինակ բերեք, որ մեզ մոտ որեւէ ճգնաժամ պայմանավորված է եղել կիսանախագահական համակարգով: 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանություններով լուծվեցին ԱԺ մեծամասնություն կազմող «Միասնություն» դաշինքի ու ՀՀ նախագահի կոնֆլիկտը, բայց ոչ կիսանախագահական համակարգն էր պատճառը: Եվրոպական որեւէ սահմանադրության օրինակ բերեք, երբ վարչապետի՝ թափուր մնացած պաշտոնի պարագայում ԱԺ նախագահն է թեկնածու առաջադրում: Ինչպես հասկանում եմ՝ ՀՀ-ն լինելու է միակ բացառությունը: Նոնսենս է, երբ պատերազմական իրավիճակներում  Գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահը չէ, վարչապետն է, իսկ խաղաղ ժամանակներում նա ընդհանրապես չկա»: Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ ինքը որեւէ կեղծ տեղեկություն ԱԺ-ին չի ներկայացրել. «Սերժ Սարգսյանն իր որոշման մասին ներկայացրել է տարբեր կանալներով»: Լեւոն Զուրաբյանը պարբերաբար տեղից դիտողություններ էր անում: «Պարոն Զուրաբյան, փորձեք լսելու ունակություն ունենալ, չզբաղվել ու էթիկայի կանոնները պահպանել. Ի՞նչ կարեւոր է՝ անձամբ, թե հրապարակային է ասել, երբ նա հանրության համար հայտարարել է, որ չի հավակնում այդ պաշտոնին»,- արձագանքեց Վարդան Պողոսյանը: «Հանրությունն ո՞վ է»,- ճշտեց Լեւոն Զուրաբյանը: «Համենայնդեպս, դուք չեք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերին, ապա Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Հակադարձ հարված եք հասցնում ձեզ. ես երբեւէ չեմ ասել, որ կա պատճառահետեւանքային կապ ՀՀ նախագահի եւ ԱԺ մեծամասնության հակասությունների ու հոկտեմբերի քսանյոթի միջեւ: 1999թ. պառլամենտական ընտրություններից հետո առճակատում էր առաջացել ՀՀ նախագահի ու ԱԺ մեծամասնության միջեւ, որը տեւել է մինչեւ գարուն, երբ հարաբերությունները պարզվեցին: Կիսանախագահական համակարգը այն ընթացքը չի ունեցել, ինչ դուք ուզեցիք լինի. մեր սահմանադրությունը կոնֆլիկտոգեն չէ: Սահմանադրությունները գրվում են՝ կանխելու հնարավոր առճակատումները: Պարոն Զուրաբյան, քսան Սահմանադրություն ուսումնասիրելը դեռ բավարար չէ. պետք է կոմպլեքս ուսումնասիրել սահմանադրական իրավունքը»: Լեւոն Զուրաբյանը կրկին տեղից ռեպլիկ արեց: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա սկսեց բղավել Լեւոն Զուրաբյանի ուղղությամբ: Տեղի տվեցին նաեւ Հրանտ Բագրատյանի նյարդերը. նա տեղից վեր կացավ ու սկսեց բղավել, ընդվզել: Այս անգամ ընդդիմադիր պատգամավորին փորձեց սաստել ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ ասելով. «Արի ստեղ հլը»: «Դու արի ստեղ»,- արձագանքեց Հրանտ Բագրատյանը: Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ մեկ րոպեն քիչ է՝ արձագանքելու այս դեմագոգիկ հայտարարություններին, որոնք արեց Վարդան Պողոսյանը. «Դրանց ես կանդրադառնալ իմ ելույթում: Էս ազգը ձեզ համար փորձադա՞շտ է, որ սահմանադրական փորձություններ եք դնում»: