Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգային ժողովում կա եւ դհոլը, եւ շեփորը, եւ ջութակը»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azh

Պատգամավոր Ռուստամ Գասպարյանն ընդամենը կես տարի առաջ ԲՀԿ-ի կազմում ընդդիմություն էր Սերժ Սարգսյանին, նրա որդին քրեական հետապնդման մեջ էր, այսօր որդին ազատ է արձակվել, Ռուստամ Գասպարյանն էլ մտածում է Հանրապետականին անդամագրվելու մասին։ Պատգամավորը վերջերս Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանդիպած անկախ պատգամավորներից էր, որից հետո Հանրապետականը հայտարարեց, որ բարեփոխումների շուրջ կա կոնսոլիդացիա։ Փաստաթղթին անկուսակցական Գասպարյանը ծանոթ է՝ այնտեղ իրեն հաջորդ Ազգային Ժողով բերող կետ էլ կա. «Մարդը կարա ըլնի անկուսակցական՝ յուրաքանչյուր կուսակցության կողմից առաջադրվի»։ Պատգամավոր Կարեն Բոթոյանն «Օրինաց երկիր» խմբակցությունը լքած պատգամավորներից է, հենց նոր է նրա ձեռքն ընկել սահմանդրական փոփոխությունների փաթեթը. «Ծանոթ եմ, բայց մանրամասն հիմա կկարդամ»։ Բոթոյանը դեռ մտադրություն չունի որեւէ կուսակցության անդամագրվելու, դեռ մտածում է։ Կոնսոլիդացիայի մյուս ներկայացուցիչը, ԲՀԿ շարքերը լքած Մարտուն Գրիգորյանը երկար է սպասել սահմանադրական բարեփոխումներին. «Ուրեմն ես մեծամասնական որպես ընտրված պատգամավոր դեռ 2012-ի ընտրություններից առաջ ասել եմ, որ ես կողմնակից եմ 100 տոկոս համամասնական համակարգին»։ Պատգամավորների այն խումբը, որը մտել էր Սերժ Սարգսյանի մոտ, առայժմ չի քննարկում քաղաքական ուժ դառնալու հնարավորությունը։ Արագած Ախոյանն ասում է, որ նոր քաղաքական ուժ ստեղծելը պարտադիր չէ, դաշտում նեղվածք է, գուցե տեղ գտնի եղածներից մեկում, թեպետ ոչ ընդդիմադիրում. «Ես կոչված չեմ ընդդիմություն լինելու համար»։ Արագած Ախոյանը մյուսների պես դեռ ժամանակ ունի մտածելու, թե իր ինչի՞ն է պետք Ազգային Ժողովը։ Այստեղ բոլոր գույները կան, իսկ եթե համեմատենք նվագախմբի հետ կա եւ դհոլը, եւ շեփորը, եւ ջութակը. «Նույնիսկ էնտեղ գործիքներ կան, որ կարող ա, ասենք, ամբողջ համերգի ժամանակ մի հատ ըսենց ծլնգացնեն, բայց լինի ամբողջ արկեստրի անդամը»։ Ի դեպ, իրենց նորաստեղծ կուսակցությունների մասին հրաժարվում են խոսել Նիկոլ Փաշինյանը եւ Տիգրան Ուրիխանյանը։