«Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ ծեծում, ջարդում, սպանում և կեղծում են» (տեսանյութ)
«Դաշնակցությունը համոզված է, որ նոր սահմանադրությունը երկրի զարգացման նոր ճանապարհ է բացելու»,-քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ իրենք դեմ էին 1995 թվի սահմանադրական փոփոխություններին. «Հիմա Դաշնակցությունն, ըստ էության, անում է այն, ինչ չհաջողվեց 95 թվականին։ Այն ժամանակ հակաժողովրդական սահմանադրություն ընդունվեց։ Ռեժիմի այն ներկայացուցիչներն, ովքեր այո են ասել այդ սահմանադրությանը, հիմա պետք է ոչ ասեն այս փոփոխություններին։ Հակառակ դեպքում ստիպված կլինեն ընդունել սեփական ֆիասկոն։ Սակայն անհասկանալի է, որ ովքեր բազմիցս նպատակ են հետապնդել անցնելու խորհրդարանական համակարգին և ընդդիմության դերակատարության մեծացմանը, հիմա դեմ են, քանի որ նախաձեռնությունը գալիս է նախագահից, ոչ թե իրենցից։ Ուրեմն ժամանակին կամ չեն հասկացել՝ ինչ են պահանջում, կամ չեն ենթադրել, որ կարող է իրենց պահանջը բավարարվի։ Ուստի, պարոնայք, զգուշացեք ձեր պահանջներից և նպատակներից, որովհետև վտանգ կա, որ դրանք մի օր կկատարվեն։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը միանգամայն այլ կարծիքի է։ «Արդյո՞ք այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան ժողովրդի համար, մինչև այժմ սպառիչ պատասխան չի տրվել։ Վերջին տարիներին հեռացան հազարավոր մարդիկ, ովքեր այդպես էլ չտեսան իրենց և իրենց ընտանիքի ապագան։ Կյանքը մարզերում աստիճանաբար մեռնում է, որտեղ մարդիկ զանգվածաբար գործազուրկ են։ Խնդիրները շատ են ու ցցուն, իսկ լուծումները քիչ են ու գերազանցապես անարդյունավետ։ Սահմանադրությո՞ւնն Է մեղավոր, որ երկրում կան օրենքից վեր կանգնած մարդիկ, ովքեր հաճախ սփռում են անպատժելիության մթնոլորտ. ծեծում, ջարդում, սպանում, կեղծում են ընտրությունները։ Մի հարց առկախ է մնում. օրենքնե՞րն են մեղավոր, թե՞ կառավարիչները»,-եզրափակեց իր ելույթը պատգամավորը։