Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հորս արեւը» չի աշխատում. Արամ Մանուկյանը չի հավատում Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-manukyan

ԱԺ-ում այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին, նշեց, որ իրենց «ոչ»-երի մեջ շատ ավելի դրական բան կա, քան նրանց «այո»-ի մեջ: Վարդան Պողոսյանից նա հետաքրրքվեց` արդյոք նա եւ սահմանադրական հանձնաժողովի մյուս անդամները վարձատրվո՞ւմ են այդ աշխատանքի համար, թե կլինի հանրաքվեից հետո: Պարոն Մանուկյանը նկատեց նաեւ, որ սրանք ոչ թե փոփոխություններ են, այլ նոր Սահմանադրություն, թեեւ Վարդան Պողոսյանն ինքը խուսափում է այդ ձեւակերպումից. «Ի՞նչն էր դժվար, որ սա համարեիք նոր Սահմանադրություն, կոնցեպցիան նույնն է: Կուզենամ ձեր հստակ պատասխանն իմանալ` սա հնարավորությո՞ւն է տալիս Սերժ Սարգսյանին` շարունակելու իր իշխանությունը»: Վարդան Պողոսյանը վստահեցրեց, որ հանձնաժողովի որեւէ անդամ որեւէ վարձատրություն իր կատարած աշխատանքի համար չի ստացել, քանի որ այն խորհրդատվական մարմին է ու հասարակական հիմունքներով է աշխատում, ինքը չի ակնկալում որեւէ վարձատրություն. «Թեկուզ մեկ լումա չի ծախսվել մեզ համար պետբյուջեից. բոլոր հանդիպումները, արտագնա նիստերը իրականացվել են դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցներով: Իսկ հանրաքվեից հետո որեւէ վարձատրություն չեմ ակնկալում. ես մասնագետ եմ ու իմ խղճի առաջ եմ գործում: Այս փոփոխություններն իմ սահմանադրական համոզմունքների արդյունքն է»: Պարոն Պողոսյանը նաեւ նշեց, որ նախագծով շատ մեծ փոփոխություններ են առաջարկվում, սակայն դա չի նշանակում, որ խոսքը գնում է նոր Սահմանադրության մասին. «Պետական կարգի տակ ես չեմ հասկանամում կառավարման համակարգը: Սահմանադրական փոփոխությունները չեն գրվում որեւէ անձի կամ քաղաքական ուժի համար: Մեզ հետ առաջին հանդիպմանը Սերժ Սարգսյանը բացառեց պառլամենտական համակարգին անցնելու ժամանակ որպես վարչապետ կամ ՀՀ նախագահ հանդես գալ: Նա նաեւ պաշտոնապես հայտարարել է, որ բացառվում է ԱԺ նախագահ ընտրվելը: Անհասկանալի է նաեւ, թե ինչպես ՀՀ նախագահի պաշտոնից հետո նա կարող է ուզենա դառնալ ԱԺ նախագահ»: Ի պատասխան Արամ Մանուկյանը հայտարարեց, որ չի հավատում Սերժ Սարգսյանին: Որպես իր խոսքերի հավաստում` նա հիշեցրեց ընդամենը մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանի հայտարարությունները էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ, որոնք որոշ ժամանակ անց փոփոխվեցին. «Այսինքն, այդ «հորս արեւը» չի աշխատում` ասում են, հետո մի ամիս հետո լրիվ ուրիշ բան են անում. ես չեմ հավատում իր խոսքին»: