Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինսկի խումբը կազմակերպում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը Նյու Յորքում

Քաղաքականություն
68adf326572767f6e23dd759a518ccb8

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա քայլերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը նաև հայտարարել է, որ «միջնորդները նախարարների հետ ավելի ուշ կքննարկեն այս տարվա վերջում երկու երկրների նախագահների հանդիպման հնարավոր անցկացումը»։ Անդրադառնալով հարցին՝ ե՞րբ է կայանալու համանախագահների հաջորդ այցը տարածաշրջան, ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ այցի ամսաթիվը դեռևս հստակեցված չէ, սակայն առաջիկա հանդիպումը սպասվում է այս աշնանը։ Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ տարածաշրջանում մարդիկ պատրաստ են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևը, սակայն «հարց է՝ արդյոք երկրների ղեկավարները քաղաքական կամք կունենան համաձայնության հասնել բանակցությունների արդյունքում»։ «Մենք ցանկանում ենք օգնել հասնելու կարգավորման և խաղաղության բանակցությունների արդյունքում։ Խաղաղության ժամանակն է, և ես կարծում եմ, որ մարդիկ գրկաբաց կընդունեն խաղաղությունը տարածաշրջանում։ Տարածաշրջանն ինքնին կփոխվի, եթե մենք կարողանանք խաղաղ կարգավորման հասնել»,-ասել է Ուորլիքը։ ՄԽ ամերիկացի համանախագահը ևս հայտարարել է նախագահական մակարդակով հանդիպմանն ընդառաջ երկու երկրների ԱԳ նախարարների Նյու Յորքում կայանալիք բանակցությունների մասին։ Մեկնաբանելով Մոսկվայի և Արևմուտքի միջև առկա տարաձայնությունների ազդեցությունը հակամարտության կարգավորման վրա՝ Ուորլիքը հայտարարել է, որ «Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 70-րդ նստաշրջանը պաշտոնապես կբացվի այսօր՝ սեպտեմբերի 15-ին՝ Նյու Յորքում։