«Ոչ»-ի շարժումը քաղաքագետին շոու է հիշեցնում. իսկ ո՞րն է նրանց «այո»-ն
Չափազանց խայտաբղետ ուժեր. Այսպես է բնութագրում այսօր «Ոչի ճակատ»-ին միացած կուսակցություններին, ՀԿ-ներին եւ քաղաքացիական նախաձեռնություններին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Այսօր «Հայ Ազգային կոնգրես», «Ժառանգություն», ՀԺԿ, «Ազգային համաձայնություն», Հրանտ Բագրատյանի «Ազատություն», ԱԻՄ կուսակցությունները, Հիմնադիր խորհրդարանը, բազմաթիվ ՀԿ-ներ եւ քաղաքացիական նախաձեռնություններ ձեւավորեցին «Ոչ»-ի ճակատը։ «Նրանք ունեն բավականին ուշագրավ անցյալ եւ ծագումնաբանություն։ Այս ընդհանրությունը ներկայումս ինձ թվում է արհեստական եւ ինչ-որ տեղ նաեւ շոու է հիշեցնում։ Գոնե այն մասով, որ եթե ասում են «ոչ» փոփոխություններին, ապա անհասկանալի է մնում՝ ինչին են ասում «այո»։ Ես սպասում եմ, որ «այո»-ի պատասխանը ժամանակի ընթացքում հանրությունը կստանա, կապ չունի պատասխանը կտան այդ ուժերը, թե հայտնի դեպքերի զարգացումը, ընթացքը կուրվագծի այդ պատասխանը։ Բայց, այնուամենայնիվ, պարզ կլինի, եւ ըստ այդմ էլ հանրությունը կկողմնորոշվի այս ամենում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ Առայժմ «Ոչ»-ի շարժումը նրան շոու է հիշեցնում։ Այս ամենը, նրա խոսքերով, վկայում է քաղաքական դաշտի ամայության մասին, եւ եթե քաղաքական դաշտում ամեն ինչը նորմալ լիներ, ապա նման դասավորմանը ականատես չէինք լինի։