«1995-ին լևոնական սահմանադրությունը խախտումներով անցավ, հիմա էլ՝ սա» (տեսանյութ)
«Բանկերում իրենց հաշիվներն արդեն լիքն են, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ անցկացնեն այս նախագիծը»,-իշխանության՝ սահմանադրության փոփոխումն, այս կերպ է ընկալում Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը։ Նախագծին դեմ բոլոր ուժերը պետք է համախմբվեն և թույլ չտան այս փոփոխությունը։ «Հանրաքվեի չպետք է հասնի այս նախագիծը»,-շեշտում է նա։ Իր ղեկավարած կազմակերպությունն ուղարկել է առաջարկների փաթեթ, սակայն ասում է՝ մինչև այժմ միայն բանավոր պատասխաններ են ստացել։ Պարոն Բոշյանը վտանգավորներից է համարում հողի վաճառքի մասին հոդվածը. «Ի՞նչ է նշանակում հողը կարող է վաճառվել օտարերկրացու, օտար երկրի ցանկացած քաղաքացու։ Նշանակում է՝ մեր հայրերն իզուր են կռվել այս հողի համար։ Իսկ հիմա մի խումբ մարդիկ որոշել են երկիրը վաճառել»։ Խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդներից՝ նա նշեց. «Եթե ընդդեմ այս սահմանադրության չեն խոսում, ապա «Մենք ենք տերը մեր երկրի» լոզունգն անիմաստ է։ Այս թղթից է ամեն ինչ սկսվում»։ Պարոն Բոշյանը կարծում է, որ գործող սահմանադրությունը փոփոխման կարիք ունի, սակայն ոչ այս ձևով. «Հիմիկվանը գաղութի սահմանադրություն է, դա պետք է փոխել։ Բայց այդ անելու համար անհրաժեշտ է առողջ քաղաքական ուժեր ձևավորել»։ Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն իր հերթին նշեց. «Ի՞նչ է անում այս իշխանությունը, թե որոշել է երկիրը հանձնել։ Մի՞թե կաշառքն այնքան մեծ է, որ չեն կարող հրաժարվել այս գործընթացից։ Գոնե բնազդաբար պետք է վախ ունենան, որ ամեն ինչ ի վերջո ավարտվելու է։ 1995 թվին լևոնական սահմանադրությունը խոշոր խախտումներով անցավ, հիմա էլ սա»։ Քաղաքագետը վստահ է, որ այս փոփոխությունը թելադրված է արևմուտքից։ «Իսկ մեր ընդդիմությունը լուրջ ոչինչ չի ասում, քանի որ իրենք, այսպես ասած՝ տարբեր երկրների գործակալներ են, և դրա դիմաց աշխատավարձ են ստանում»։