Ռուսաստանը ՀՕՊ միացյալ համակարգ է ստեղծում 4 երկրների հետ, այդ թվում` ՀՀ-ի
Ռուսաստանը Հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգ է ստեղծում ԱՊՀ 4 երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ։ Ինչպես հայտարարել է ՌԴ Տիեզերա-օդային զինուժի հրամանատարի տեղակալ Պավել Կուրաչենկոն՝ Ռուսաստանից և Հայաստանից բացի, այս համակարգում նաև ընդգրկվելու են Տաջիկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։ «Կովկասում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման համաձայնագրի նախագիծը անցել է ներպետական համաձայնեցումը և պատրաստվում է ստորագրության» - «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ ասել է Կուրաչենկոն՝ հույս հայտնելով, որ այս տարվա ընթացքում ավարտին կհասցվի նաև մյուս 3 երկրների հետ համաձայնեցման գործընթացը։ Ռուսաստանը Ղազախստանի հետ ընդհանուր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը կնքել էր դեռև 2013-ին։ Ներկա փուլում մշակվում է այդ համակարգի համար օրենսդրական բազայի ստեղծումը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ արդեն 2016թ.-ին Ռուսաստանը Բելառուսի հետ Տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում կսկսի մարտական հերթապահություն իրականացնել։ Մինչ այս Ռուսաստանի և Բելառուսի ՀՕՊ ստորաբաժանումներն աշխատում էին առանձին, այժմ խոսքն ավելի խորը համագործակցության մասին է։ Բացի այս, երեքշաբթի օրը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստվում է օդային ռազմակայաններ ստեղծել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում (ՀԱՊԿ)՝ հիշեցնելով, որ նման կայաններ այդ երկիրն արդեն ունի Հայաստանում և Ղրղզստանում։ «Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Մենք պատրաստ ենք անել դա այն երկրներում, որոնց հետ մեզ կապում են դաշնակցային հարաբերությունները՝ լինի դա ՀԱՊԿ-ն, թե ՀԱՊԿ գումարած Միացյալ համաձայնագիր, ինչպես Բելառուսի դեպքում է»,-ասել է Ռուսաստանի վարչապետը։ Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին կքննարկվեն նաև վերոհիշյալ հարցերը։ ՀԱՊԿ-ն գործում է 2003թ.-ից։ Կազմակերպության անդամ երկրներ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը։