Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն անցնում է կազդուրվելու փուլ. ՀՀԿ-ական

Քաղաքականություն
XosrovHarutyunyan

Սարգսյան-Պուտին հանդիպումը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարևորում է մի շարք տեսանկյուններից, մասնավորապես՝ գազի սակագնի. «Ներմուծվող գազի` սահմանին 25 դոլարով նվազեցումը հնարավորություն է բացում ներքին շուկայում գազի իրացման գինն իջեցնել»։ ՀՀԿ-ական պատգամավորը չի խուսափում նշել, որ վերջին շրջանում մեր երկիրն արտահանման ծավալների էական անկում ունի, քանի որ ռուբլին դոլարի նկատմամբ էականորեն դիրքերը զիջեց. «Եթե նախկինում մեր կոնյակագործները իրենց կոնյակը իրացնում էին 60 ռուբլով, որը երկու դոլար է, այսօր նույն գնով են իրացնում, որն արժի մեկ դոլար։ Մենք պետք է դեպի Ռուսաստան ապրանք արտահանենք ռուբլով, հետո այդ ռուբլով գնենք գազ»։ Խոսակցությունները, թե Ռուսաստանի նախագահը Սերժ Սարգսյանին համոզել է ետ կանգնել սահմանադրական փոփոխություններից, պարոն Հարությունյանն անտրամաբանական է համարում. «Ռուսական կողմի որևէ միջամտություն չեմ նկատել։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ի՞նչ մոտիվացիայից ելնելով պետք է դա աներ, ինչո՞ւ։ Դա իր քաղաքական օրակարգի հետ որևէ աղերս չունի և մեր ներքին խնդիրն է»։ Դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժողովի առաջարկների վերաբերյալ որոշ հանրապետականներ նշել էին, թե բոլորը չէ, որ հալած յուղի տեղ ընդունելու են, ի՞նչ կարծիքի է նա, ՀՀԿ-ականը շեշտեց. «Սահմանադրության մեջ որևէ կետ, որևէ ակնարկ, իրավական ենթատեքստ, որը կարող է աղավաղել մեր ազգային արժեքները, հատկապես՝ ընտանիքի հետ կապված, որևէ նման բան չի կարող անցնել։ Վենետիկի հանձնաժողովը չէ, ով ուզում է՝ գա։ Նրանք ասում են՝ եվրոպական շատ երկրներ այդպես են, դա չի նշանակում, որ դուք էլ պետք է դա ընդունեք։ Մենք ունենք մեր արժեհամակարգը, և հանձնաժողովը չունի որևէ պարտադրանք ներկայացնելու իրավասություն։ Նա փորձագետների խումբ է, նրա կարծիքի հետ շատերն են հաշվի նստում, դրա համար չենք կարող մենք էլ իրենց կարծիքի հետ հաշվի չնստել։ Այլ հարց է, որ հետո կարող ենք այդ առաջարկությունները քննարկել»։ Հարցին, թե, այսինքն` օրինակ եթե հանձնաժողովը հայտնի, թե միասեռական ամուսնությունները պետք է թույլատրվեն, ինքը դե՞մ է, պարոն Հարությունյանը նշեց. «Ոչ միայն դեմ եմ, այլ ես կարծում եմ, որ դա հիվանդություն է»։ Պատգամավորը նաև նշեց. «Բացարձակապես այն կարծիքին չեմ, որ այս սահմանադրությունն անթերի է, և վաղը միանգամից ամեն ինչ շտկվելու է։ Բայց այն ստեղծում է պայմաններ՝ հանրային կյանքի ինքնակարգավորման ամենաառանցքային ինստիտուտի՝ կուսակցությունների կայացման համար»։ Այս իրավիճակում արդյո՞ք ՀՀԿ-ն չեզոքացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, պատգամավորն ամենևին այդպես չի մտածում։ «Ոչ, դա այդպես չէ և ես իմ ասածին հավատում եմ։ Ես մեծ հավատով եմ լցված ԲՀԿ-ի հանդեպ։ Գտնում եմ, որ դա բավականին ազդեցիկ քաղաքական ուժ է և անցնում է կազդուրվելու փուլ։ Եթե կարծում եք, որ կուսակցության լիդերին մեկ հայտարարությամբ կարելի է չեզոքացնել, դուք պատկերացնո՞ւմ եք, եթե վաղն այդ ուժը գա իշխանության, մեր երկրի ազգային անվտանգության վիճակն ինչ կլինի»։