Մեր շախմատիստները Բաքվում տեղաշարժվելու խնդիր չեն ունենա
«Հայաստանի շախմատիստների համար լրացուցիչ պայմաններ չենք ստեղծի, նրանք մյուս մասնակիցների հետ կապրեն նույն հյուրանոցում: Իհարկե, նրանց ներկայության պատճառով հյուրանոցում ավելի կուժեղացվի անվտանգությունը, սակայն քաղաքում տեղաշարժվելու ժամանակ հայ շախմատիստները ոչ մի խնդիր չեն ունենա» - Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկից առաջ հայտարարել է մրցաշարի տնօրեն, Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը: Նա միաժամանակ տեղի լրատվամիջոցներին հորդորել է անտեղի լարվածություն չստեղծել հայ շախմատիստների շուրջ, հատկապես, եթե ճակատագրի բերումով նրանք դառնան ադրբեջանցի շախմատիստների մրցակիցը. «Հայ եւ ադրբեջանցի շախմատիստները բազմիցս հանդիպել են վերջին 20 տարիների ընթացքում: Նախկինում որոշակի լարվածություն կար նրանց հարաբերություններում, սակայն ներկայումս նման կրքեր չեն լինում»: Հիշեցնենք, որ Բաքվում կայանալիք շախմատի գավաթի խաղարկությունում հանդես կգան մեր 4 շախմատիստները: Առաջին փուլում, որը կկայանա սեպտեմբերի 11-13-ը, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կհանդիպի լյուքսեմբուրգցի Մայքլ Վիդենկելլերի հետ: Գաբրիել Սարգսյանը նույն փուլում ուժերը կչափի լեհացի Մաթեուշ Բարտելի, Հրանտ Մելքումյանը` ամերիկացի Գատա Կամսկու, իսկ Սամվել Տեր-Սահակյանը` ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ: