Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղբանտարկյալը կարող է վերածվել բռնակալի» (տեսանյութ)

Քաղաքականություն
papi-nkar

75-ամյա Մերուժան Հովհաննիսյանն այն եզակի քաղաքացիներից է, որը խորհրդային ժամանակաշրջանում ձայն է բարձրացրել ընդդեմ ռեժիմի։ 51 տարի առաջ այս օրը՝ 1964թ օգոստոսի 26-ին նա եւ վեց այլախոհներ դատապարտվեցին հակասովետական գործունեություն ծավալելու մեղադրանքով ։ «Մեզ դատապարտեցին և դրեցին վագոնը՝ ճանապարհելով Ռուսաստան, որտեղ Մորդովիայի ազատազրկման գաղութում կրել եմ կալանքը, այնուհետ որպես անկարգապահ կալանավորի իմ պատժի մնացած մասը անցկացրի Վլադիմիրի բանտում»։ Այս գործը հայտնի է «Յոթ հայրենասերների գործ»անվամբ։ Գործով ձերբակալություններն սկսվել էին 1963թ դեկտեմբերից, իսկ դատավարությունն ընթացավ 1964թ օգոստոսի 5-26-ը։ Յոթ հայրենասերները 60-ականներին երազում էին անկախ Հայաստան ունենալու մասին։ Նրանք առաջ էին քաշում հայոց լեզվի պահպանման, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նշելու եւ կորուսյալ հայկական տարածքների վերադարձի մասին։ «Ինքնամեծարման կարիք չկա, այսօր չի կարելի այդ մասին խոսել և պատվաբեր չի՝ ինչպես անում են նախկին դատապարտվածներից ոմանք, առանց գիտակցելու, որ նման բաները հայտարարության ենթական չեն»,- ասում է Մերուժան Հովհաննիսյանը։ Նա հպարտությամբ է հիշում իր հետ մեղադրյալի աթոռին հայտնվածներին՝ Գրիգոր Եղյան, Էդվարդ Կակոսյան, Խաչատուր Ամիրջանյան, Խաչիկ Սաֆարյան , Կարո Քիրամիջյան, Վիգեն Բաբայան։ «Նրանց մեծ մասը վախճանվել են, նրանք, ովքեր կան՝ Կարապետ Քիրամիջյանը և Հայր Գրիգորը, ընդհանրապես չեմ կարողանում տեսնել, քանի որ արտասահմանում են»։ Խորհրդային բանտերում սովորություն կար, քաղկալանավորը ազատվելուց մեկ օր առաջ մեկուսացվում էր բոլորից՝ խորհելու, թե որքանով է արդար, որքանով է մեղավոր իր խղճի առաջ։ Պարոն Հովհաննիսյանը հիշում է իր՝ այդ մեկ օրը. «Նախքան դժոխքից դուրս գալը, խորհեցի, որ քաղկալանավորը ազատություն ստանալով՝ չպետք է ունենա պաշտոն, քաղաքական դիրք, որովհետև նա բռնադատվածից կարող է վերածվել բռնակալի»։ Մերուժան Հովհաննիսյանը ուրախ է, որ այսօր էլ կան իր նման ազատասեր մարդիկ։ Ինքը նրանց տեսել է Բաղրամյանում։