Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդու իրավունքների հետընթաց դրույթները սահմանադրական բարեփոխումների նախագծում (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Ara-xazaryan

Մարդու  իրավունքների և ազատությունների գնահատման տեսանկյունից Սահմանադրության  փոփոխված տարբերակը հարցեր է առաջացրել։ «Իմ համար հետընթաց էր նախ կյանքի իրավունքի վերաբերյալ փոփոխված տարբերակը։Նախնական տարբերակն ավելի ճիշտ էր արտահայտում մարդու կյանքի իրավունքի կոնցեպցիան, այսինքն հանվել է այն գաղափարը, որ կյանքի իրավունքը բացարձակ չէ  և որոշ հանգամանքների ներքո անձին կարելի է կյանքից զրկել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Ընտրական իրավունքի սահմանափակման, գույքի օտարման  և մի շարք այլ դրույթներ ևս  Արա Ղազարյանին  չեն գոհացնում։ Սրանից զատ մտահոգիչ է նաև հավաքների անցկացմանը վերաբերող դրույթը, ըստ որի այն պետք է մշտապես  լինի իրազեկված։Այս կապակցությամբ պարոն Ղազարյանը շեշտում է. «Ովքեր որ ծանոթանում են այս հոդվածի հետ ասում են՝ բա ինքնաբուխ հավաքի իմաստն այստեղ կորում է»։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերքինազ Տիգրանյանին մտահոգում  է փաստը, որ բժշկական ապահովագրությանը, զբաղվածության խնդրին և  սոցիալական այլ իրավունքների վերաբերող  բազմաթիվ կետեր սահամանդրական մակարդակով  ամրագրվելու փոխարեն  իջեցվել են  օրենքի մակարդակ։ «Այն, ինչը պետությունը չի կարող ապահովել , ապա այդ բեռը ինքն իր վրա չի վերցնում։Սա վերաբերում է նաև աշխատանքի իրավունքին։ Եվ  գործող սահմանդրությունը սա չունի և նախագիծը դա չունի, որ մարդը ունի աշխատանքի իրավունք։  Ինչու՞։ Քանի որ դա կառաջացներ հանդիպակաց պարտականություն պետության համար՝ մարդուն ապահովել այդ աշխատանքով։ Այլ  ամրագրվել է շատ ավելի անմեղ դրույթ, որ մարդն  ունի աշխատանքի ընտրության ազատություն»,-ասաց նա։ Նոր սահմանդրության մեջ օգտագործված բառապաշարը  Արթուր Սաքունցի մոտ տպավորություն է ստեղծել , որ փաստաթուղթը գրվել է  Հայ առաքելական եկեղեցու կամ քաղաքական որևէ ուժի գրասենյակում։ Նրա խոսքերով՝ բոլոր իրավունքների սահմանափակման վերաբերյալ դրույթում բացակայում է ժողովրդավարական պետություն, ժողովրդավարական հասարակություն  հասկացողությունը։ «Ես սա անվանում եմ սահմանդրական հեղաշրջման փորձ, ոչ թե պետական, այլ սահմանադրական հեղաշրջման փորձ և պատահական չեմ համարում, որ բառերը, որոնք օգտագործում են  նախագծի վրա աշխատողները բացահայտում է իրենց միտումը»։   Մանրամասները՝ տեսանյութում։