ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ «ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱնդրկովկասի ժողովուրդների գիր-գրականությունը ստեղծել, ինչպես նաեւ թարգմանչական գործը կազմակերպել է Մեսրոպ Մաշտոցը. միջազգային գիտաժողովներից մեկի ժամանակ հայտարարել է ռուս գիտնական Սերգեյ Մուրավյովը:
Ըստ նրա` Աղվանաց նշանագրերի մասին մասնավորապես հետաքրքիր փաստեր են հայտնաբերվել սուրբ Կատարինե կղզում, որոնց շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել Մեսրոպ Մաշտոցի «հեղինակային իրավունքները»:
Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը այս մասին պատմեց Ազգային գրադարանում կազմակերպված Հայ գրերի ստեղծման 1600 ամյակին նվիրված գրքերի ցուցահանդեսի բացման ժամանակ:
Սեն Արեւշատյանը Ազգային գրադարանին նվիրեց նաեւ «Էջմիածնի ավետարանի» նույնատպությունը (ֆոտոմաքսիմիլիե), որի բնօրինակի հիշատակարանում ստեղծման տարեթիվը նշված է 989թ.: Ավետարանից ամբողջ աշխարհում կա 250 օրինակ, բոլորն էլ համարակալված են: Հայաստանում կա ութ օրինակ, մնացածը գտնվում են Ավստրիայի Գրաց քաղաքում: Ավետարանն աժեքավոր է նրանով, որ ամբողջովին պատկերազարդված է մանրանկարներով, ունի փղոսկրյա կազմ: Սեն Արեւշատյանն ասաց, որ Ավետարանից մեկ օրինակ էլ Մատենադարանը նվիրել է Ալեքսանդրիայի գրադարանին:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Ազգային գրադարանի, Գրողների միության, Ազգային հրատարակիչների միության նախաձեռնությամբ:
Ներկայացված էին 1512թ.-ից մինչ այսօր Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայկական օջախներում հրատարակված առավել արժեքավոր գրքերի բնօրինակներ, ինչպես նաեւ առաջին քատեզը՝ «Համատարած աշխարհացույց», պարբերականը՝ «Ազդարարարը»: Առանձին բաժնով ներկայացված էին կոնդակներ, պղնձե, քարե, կաշվե պահպանակներ, որոնք առավելագույնս են ներկայացնում հայ գրքի անցած ճանապարհը:
Ի դեպ, 2006թ. Ֆրանսիայում հայտարարված է «Հայաաստանի տարի», որի շրջանակներում Լուվրում կբացվի Հայ գրերի գյուտին նվիրված ցուցահանդես: