Ինչ են անում հայ դատավորները ԵՏՄ դատարանում (տեսանյութ)
Եվրասիական տնտեսական միության դատարան Հայաստանի քաղաքացիները ոչ բոլոր հարցերով կարող են դիմել։ Դատարանը քննում է միայն միության պայմանագրի հետ հնարավոր հակասություն ունեցող վեճերը։ «Այնտեղ միայն ֆիզիկական անձինք կարող են դիմել, օրինակ՝ եթե ԵՏՄ-ի աշխատողը դիմի պայմանագրի կետի պարզաբանման համար աշխատանքնային հարաբերություններում»,- ասում է ԵՏՄ դատարանում դատավոր Արմեն Թումանյանը։ Դատարանը գործում է Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում։ ԵՏՄ յուրաքանչյուր պետությունից ներկայացված է երկու դատավոր։ Հայաստանը բարձրագույն այդ ատյանում ներկայացնում են դատավորներ Արմեն Թումանյանը և Էռնա Հայրիյանը։ Գործունեության ութ ամսվա ընթացքում դատարանը դեռ մի քանի հայց է ստացել։ 204 02։40 «Առայժմ դատարանում քիչ գործ կա, քանի որ մենք գտնվում ենք ձևավորման փուլում»,- նշում է ԵՏՄ դատարանում դատավոր Էռնա Հայրիյանը։ Դատավոր Հայրիյանը սպասում է գործերի մեծ ծավալ արդեն հաջորդ տարվանից, երբ դատարանում կընդգրկվի նաև Ղըրղզստանը, ինչպես նաև անդամ երկրների միջև կսկեն ակտիվանալ տնտեսական հարաբերությունները։ Ի տարբերություն Եվրոպական դատարանի՝ ԵՏՄ դատարանի վճիռները ունեն խորհրդատվական բնույթ. չկա այն մարմինը, որը պետք է ապահովի վճիռների ի կատար ածումը։ Ի դեպ, Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը կարող են վիճարկվել ու չեղյալ համարվել Եվրասիական տնտեսական միության դատարանում։ Այսինքն՝ Հայաստանի Ազգային ժողովը որեւէ օրենք վավերացնելուց կամ նախաձեռնելուց առաջ պետք է հաշվի առնի ԵՏՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները։