Քաղաքական ուժերն արձագանքում են «Ոտքի՛, Հայաստանի» առաջարկին (տեսանյութ)
«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունն առաջարկել է քաղաքական ուժերին օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում միանալ իրենց, կազմել ժողովրդի վստահության կառավարություն ու հասնել Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հրաժարականներին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրականորեն է վերաբերում նախաձեռնության հայտարարությանը, սակայն իրենց համար հստակ չեն այդ նպատակին հասնելու մեխանիզմները։ Կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը նշում է. «Քաղաքակացիական պայմանագիրը» չի կարող դրան միանալ, որովհետև միանալ դրան՝ նշանակում է վերցնել պատասխանատվություն։ «Քաղաքացիական պայամանգիրը», եթե երբևիցե վերցնի պատասխանատվություն մի գործընթացի համար, դա կնշանակի՝ «Քաղաքացիական պայամանագիրը» պետք է ունենա կոնկրետ մեխանիզմներ, թե ինչպես հասնել պահանջների իրագործմանը»։ Թեեւ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության առաջնորդներից մեկը «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանն է, սակայն այս կուսակցությունը եւս չի միանա օգոստոսի 21-ի հավաքին։ Կուսակցականների մեծ մասը արձակուրդում է, եւ հետագա քայլերի մասին որոշումները կկայացվեն սեպտեմբերին։ Ժառանգության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը չնայած համաձայն է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, սակայն դրան հասնելու ճանապարհը չի տեսնում. «Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը կուսակցությունը բազմիցս հնչեցրել է, և այսօր էլ արդիական է այդ պահանջը, բայց մի վերապահում ունեմ. Մենք կարող ենք անվերջ պահանջել իր հրաժարականը, ինքն էլ այնտեղ նստած ասի՝ էէ պահանջեք, հետո՞ ինչ։ Ուղղակի մեխանիզմը՝ այս իշխանություններից մեկ օր առաջ ազատվելու՝ ավելի հստակ պետք է մշակված լինի»։ Ընդդիմադիր քաղաքական ուժերից Հայ ազգային կոնգրես կուսակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հարգանքով է վերաբերում հասարակական կամ քաղաքական ուժերի՝ ազատ արտահայտվելու սահմանադրական իրավունքին։ Կուսակցությունը, սակայն, չի պատրաստվում միանալ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության պահանջին։