Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջրի մարդը իմ մարդն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
jri-mard-nkar

54-ամյա տիկին Մարգարիտը Արմավիրի մարզի Արտաշար գյուղից է։ Ամեն օր լուսաբացին՝ ժամը հինգին, բերքը բերում է Կայարանի շուկա վաճառելու։   «Բերում ենք, բայց լավ չենք վաճառում, վերավաճառողները մեզնից էժան վերցնում են, բայց թանկ վաճառում»,- նշում է նա։   Տիկին Մարգարիտը  այստեղ  ապրանքը  վաճառելու համար օրական վճարում է 500 դրամ։ Բայց այս շուկան գերադասում է քաղաքի այլ վայրերում գործող անվճար շուկաներից. մթերքն այստեղ կարողանում են գնացքով հասցնել։  Նրան մեկ այլ բան է մտահոգում. «Մինչև 12-ն ա էստեղ գյուղացիքի առևտուրը, 12-ից հանում են գյուղացիքին»։   Կայարանի շուկա գյուղմթերք բերող գյուղացիները շուկայի տնօրինության որոշումով ժամը 12-ից հետո պետք է հեռանան այնտեղից։ Դրա պատճառով գյուղացիները  ստիպված են լինում ապրանքն ավելի էժան տալ վերավաճառողներին ու ազատել տարածքը։ Շուկայում վերավաճառք իրականացնողներն էլ իրենց հերթին բողոքում են գյուղացիների երկար մնալուց։ Տիկին Օֆելյան նշում է. «Տասներկուսից հետո նստած ենք ու նայի՝ առևտուր չենք անում»։   Չնայած առկա դժվարություններին՝ գյուղացիներն ասում են,  որ կարողանում են տուն պահել։ Միայն լավ կլիներ մի քիչ էլ գյուղին նայեր ղեկավարությունը։ Արդյո՞ք Արտաշար գյուղն ունի ջրամատակարարման խնդիր։ Տիկին Մարգարիտը տատանվում է պատասխանել հարցին. «Ջրի հետ կապված ինչ ասե՞մ, եթե ջրի մարդը իմ մարդն է... չէ, չի բավարարում ջուրը»։   Տիկին Հասմիկն էլ դժվարանում է թվարկել Արտաշար համայնքի խնդիրները, միայն թե քաղաքացիները իմանային, թե որքան դժվարություններ են ստիպված հաղթահարել  բերքը գյուղից շուկա հասցնելու համար։ Տիկին Հասմիկը նշում է. «Հիմա մենք գնացքով ենք գալիս, էն էլ տվել են ռուսներին... բրդում են, չեն թողում, նենց են գոռում մարդկանց վրեն։ Բեռները դնում եմ գլգլիկին ու բերում եմ, չեմ էլ կարողանում բարձրացնեմ»։   Չնայած հոգնածությանն ու շոգ եղանակին՝ վաղն առավոտյան տիկին Մարգարիտն ու տիկին Հասմիկը գյուղմթերով բեռնված նորից կգան գյուղմթերքի շուկա։