Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է (տեսանյութ)
«Այս պահին էլ շարունակվում է եզդիների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում»,- հայտնում է «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը: «Մարդիկ ոչ միայն ցեղասպանվում են, այլև ենթարկվում են հայրենազրկման: Թուրքիայում գտնվող եզդիական ճամբարներում իրավիճակը համեմատաբար լավ է, սննդի, պարենի հարցերը, կարծես թե լուծված են, սակայն Թուրքիան փորձում է ազատվել եզդի համայնքից՝ նրանց համար առաջացնելով արհեստական դժվարություններ»,- նշում է Սուլթանյանը: Ըստ նրա՝ մոտ 4000 երեխա ու կանայք գտնվում են «Իսլամական պետության» ազդեցության ներքո: «Միաժամանակ առկա է միջազգային հանրության անտարբեր վերաբերմունք դրա նկատմամբ։ Միայն Գերմանիան է, որ ինչ- որ քայլեր է կատարում՝ վերապատրաստում է եզդիներին՝ կռվելու, սակայն դա էլ արդյունավետ չէ»։ Սուլթանյանի համոզմամբ՝ Սիրիայում հալածվող եզդիների նկատմամբ վատ վերաբերմունք առկա է նաև թուրքական կառավարության կողմից։ «Սակայն խոսել մարդու իրավունքներից, ավելորդ է»։ Հայաստանի եզդիական համայնքը փորձում է իր ունեցած լծակներով օգնել իր հայրենակիցներին։ «Մենք փորձում ենք Հայաստանի կառավարության միջոցով օգնություն իրականացնել, սակայն նրանք էլ մեծ լծակների չեն տիրապետում։ Մենք անձամբ ենք եղել այդ տարածքներում, օգնություն ենք տարել-բաժանել։ Այնտեղի իրավիճակի մասին տեղեկություններ ստանում ենք և գործում՝ ըստ այդմ»։ «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանի պնդմամբ՝ Սիրիայում մահվան սպառնալիքի տակ գտնվող իրենց հայրենակիցների շրջանում աշխատանքներ են տանում տարբեր քրիստոնեական խմբեր. «Օգտվելով ծանր վիճակում գտնվելու հանգամանքից՝ նրանք փորձում են եզդիներին քրիստոնյա դարձնել։ Մասնավորապես՝ այդպիսի գործունեություն է ծավալում կաթոլիկ եկեղեցին»։ Ըստ պարոն Բաքոյանի՝ շատ են նաև դեպքերը, երբ փորձում են եզդիների մեծ խմբերի տեղափոխել Եվրոպա. «Վերջերս էլ շուրջ 4000 եզդիի հասցրել են Հունաստանի սահմանին, սակայն նրանց այնտեղ տեղափոխող խումբը անհետացել է՝ իր հետ տանելով նաև մարդկանց անձնական փաստաթղթերը»։