«Կայրաթի» մարզիչը լավատեղյակ է հայ ժողովրդից
«Ալաշկերտն» արդեն արել է առավելագույնը Եվրոպայի լիգայում: Ունենք մեկ խաղ «Կայրաթի» հետ եւ մենք կրկին ձգտելու ենք առավելագույնի: Բայց պետք է ամեն ինչին իրատեսորեն նայենք: Առաջին խաղում մրցակիցը մեզ գերազանցեց բոլոր առումներով: Բայց առաջիկա խաղին մեզ համար կարեւոր է լինելու ֆուտբոլիստների անմնացորդ նվիրումը խաղին եւ հաղթանակի ձգտումը: Իսկ թե ինչ կլինի, ցույց կտա խաղը» - ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ալաշկերտ» - «Կայրաթ» խաղից առաջ ասել է մեր թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Ղազախական թիմի նրա գործընկեր Վլադիմիր Վայսը կարծում է, որ դեռ ամեն ինչ որոշված չէ այս հակամարտությունում, չնայած առաջին խաղում իր թիմը հաղթել է 3:0 հաշվով: «Ալաշկերտը» լավ թիմ է, տեխնիկապես պատրաստված, ուստի ամենայն լրջությամբ ենք վերաբերվում առաջիկա հանդիպմանը: Ֆուտբոլիստները գիտեն, թե ինչ խնդիր է դրված թիմի առաջ եւ պատրաստ են լուծելու այն: Ես հարգանքով եմ վերաբերվում ձեր ժողովրդին, որը դժվար պատմություն է ունեցել եւ միշտ պայքարել է հաղթանակի համար: Նույնը սպասում եմ «Ալաշկերտից»՝ վաղվա խաղում» - նշել է սլովակցի փորձառու մասնագետը: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ալաշկերտ» - «Կայրաթ» հանդիպումը տեղի կունենա այսօր, ժամը 19:00-ին: Մարզադաշտի մուտքն ազատ է: