Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը կմերժի՞ Տիգրան Ուրիխանյանին

Քաղաքականություն
unnamed14

Կառավարությունը վաղը ըստ ամենայնի կմերժի ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրա­կան նա­­խա­ձեռ­­նու­թյան կարգով ներ­կա­յացրած «Կուսակցությունների մասին» Հա­յաստանի Հանրապե­տու­թյան օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հա­յաս­տանի Հան­րա­­պե­տու­թյան օրենքի նա­խա­­գիծը։ Ներկայացված նախագծով առաջարկվում է կուսակցության կանոնադրության խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխությունների ու լրացումների կա­տար­ման իրավունքը կուսակցության համագումարից փոխանցել կուսակցության մշտական գործող ղե­կավար մարմնին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է լինում կա­նո­նադրության մեջ կատարել զուտ տեխնիկական կամ խմբագրական փոփոխություններ, լրա­ցումներ, որոնք բխում են նաեւ անընդհատ փոփոխվող օրենքների պահանջներից եւ առա­ջա­նում է անհարմարություն՝ ոչ բովանդակային փոփոխությունները եւ լրացումները հաստա­տե­լու համար անընդհատ համագումար է հրավիրվում։ Գործադիր մարմնի համար պարզ չէ, թե ինչ բնույթի փոփոխություններն ու լրացումները կարող են համարվել խմբագրական եւ տեխնիկական: «Այդ առումով նախագիծը հնարավորություն է տալիս մշտական գործող ղեկավար մարմնին ինքնուրույն ձեռնարկել ու գնահատել կատարվող փոփոխությունների եւ լրացումների բնույթը, որի դեպքում չեն բացառվում սուբյեկտիվ դրսեւորումներ, քանի որ հաճախ խմբագրական բնույթի փոփոխությունները կարող են էական նշանակություն ունենալ կուսակցության գործունեության համար»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ: Կառավարության երկու այլ որոշումներով էլ արտահերթ ընտրություններ կանցկացնեն Տավուշի մարզի Խաշթառակի եւ Շիրակի մարզի Սալուտի գյուղական համայնքներում։ Տավուշի մարզի Խաշթառակի գյուղական համայնքի ղեկավար Հայկ Քամալյանը ներկայացրել է հրաժարական՝ արտերկրում երկարատեւ բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ: Իսկ Շիրակի մարզի Սալուտի գյուղական համայնքի ղեկավար Սանասար Սաղաթելյանը հունիսի 10-ին մահացել է: