Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգիս Հովսեփյանը հրաշքների չի հավատում

Սպորտ
sport-pyunik-molde

«Պատասխան խաղում կփորձենք սպորտային ռեւանշի հասնել«Մոլդեի» նկատմամբ, որպեսզի ապացուցենք, որ դա ընդամենը մեկ չհաջողված խաղ էր: Հաղթանակը մեզ պետք է նաեւ հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու համար» - չեմպիոնների լիգայի «Փյունիկ» - «Մոլդե» պատասխան խաղից առաջ կազմակերպված մամուլիս ասուլիսին ասաց մեր թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը: Սկսնակ մասնագետը, բնականաբար, չի հավատում հրաշքի եւ արդեն թիմին պատրաստում է Հայաստանի գալիք առաջնությանը: Ինչպես տեղեկացրեց Սարգիս Հովսեփյանը, «Փյունիկում» լուրջ փոփոխություններ չեն սպասվում. «Թիմի գլխավոր ռմբարկու Ռոմերոն այս խաղից հետո ելույթները կշարունակի այլ երկրում, քանի որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է: Մյուս ֆուտբոլիստների հարցում որեւէ նորություն չկա»: «Մոլդեի» գլխավոր մարզիչ Տոր Օլե Սկուլերուդը նախախաղային մամուլի ասուլիսին նշեց, որ իրենց գլխավոր խնդիրը խմբային փուլ մտնելն է, լինի դա չեմպիոնների կամ Եվրոպայի լիգայի մրցաշարում: «Առայժմ չենք մտածում հաջորդ փուլի մասին, այլ ցանկանում ենք արժանապատիվ խաղ ցուցադրել «Փյունիկի» դեմ պատասխան խաղում: «Փյունիկն» այնքան էլ թույլ մրցակից չէ, սակայն Նորվեգիայում մեր խաղը ստացվեց: Այժմ մեզ ավելի բարդ մրցավեճ է սպասվում, քանի որ սովոր չենք խաղալ այսպիսի շոգ եղանակներին: Մեր երկու ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով չեն ժամանել Երեւան, բացի այդ Նորվեգիայի առաջնության խաղերի օրացույցը շատ խիտ է, ուստի հնարավոր է որոշակի փոփոխություններ կատարենք հիմնական կազմում» - ասաց նորվեգացի մասնագետը: Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Մոլդե» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 21-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 18:00-ին: Առաջին խաղում նորվեգական ակումբը առավելության է հասել 5:0 հաշվով: