Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանությունը՝ սահմանադրական նորմ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d5902ae0cccc3cfd0be485b777b5cd58

Կայուն խորհրդարանական մեծամասնություն չձեւավորվելու դեպքում երկրորդ փուլում հաղթող կուսակցությունը խորհրդարանում կստանա հավելյալ մանդատներ, որոնք կգումարվեն օրենքով սահմանված 101 մանդատին։ «Այդ հավելյալ մանդատները ինքը ստանում է պատգամավորների թվի մեծացմամբ, այլ ոչ թե այն մանդատներից հանելով, որոնք ստացել են պարտված կուսակցությունները»,- ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ «Տեսականորեն ամենամեծ թիվը ուշադրություն դարձրեք կարող է լինել 198, գործնականում էդ թիվը կարող է լինել 120-ից 130-ի շրջանակներում»,- նկատել է տալիս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։ Եթե որեւէ կուսակցություն առաջին փուլում հաղթել է 45 տոկոս ձայներով, տեսականորեն երկրորդ փուլում այն կարող է դառնալ 51-ից 53 տոկոս, այսինքն, 101 մանդատին կավելացվի եւս 9 մանդատ. «Թե մենք երկրորդ փուլից առաջ արդյոք թողնելու ենք կոալիցիաների ձեւավորում, թե չենք թողելու կոալիցիաների ձեւավորում, այսինքն, երկրորդ փուլին կարող են մասնակցել նաեւ դաշինքներով»,- նշում է Հրայր Թովմասյանը։ Սահմանադրությունը չի նախատեսում, բայց եթե երկրորդ փուլ անցած երկու ուժերը ունենան վարչապետի նույն թեկնածուն, այլեւս երկրորդ փուլ անցկացնելու կարիք չկա. «Սրանք հարցեր են, որոնք Սահմանադրության մակարդակում որեւէ երկիր չի կարգավորել եւ էդ ամբողջը թողնվելու է Ընտրական օրենսգրքին»։ Կայուն խորհրդարանական մեծամասնությունը մեր սահմանադրագետները հորինել են, որպեսզի խուսափեն խորհրդարանական կառավարումով աշխատող Իտալիայի օրինակից «Որտեղ հետպատերազմյան ժամակահատվածում ըստ էության միջին հաշվով ամեն կառավարություն գործել է 10 ամիս։ Արդյո՞ք մենք մեզ կարող ենք թույլ տալ էն շռայլությունը, որ 10 ամիսը մեկ մենք մեզ մոտ պառլամենտական ընտրություններ անցկացնենք»,- ասում է պրն. Թովմասյանը։ Հաջորդ խնդիրը փաթեթի 23-րդ հոդվածի երկրորդ կետն է, ըստ որի մարդուն կյանքից զրկելը դառնում է սահմանադրական նորմ։ Սա, ըստ Վարդան Պողոսյանի, եվրոպական կոնվենցիայից է վերցված։ Հանձնաժողովը դիտարկել է Կիպրոսի եւ Չեխիայի ու Սլովակիայի սահմանադրությունները, այնտեղ էլ է մարդուն կյանքից զրկելը սահմանադրական նորմ. «Անհրաժեշտ է գտնել այնպիսի ձեւակերպում, որպեսզի չլինի այնքան ընդգրկուն, որքան կոնվենցիայի ձեւակերպումն է եւ չպարունակի էնպիսի հասկացություններ, ինչպիսին խռովությունն է ու ապստամբությունը»,-ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Ի դեպ, Արդարադատության նախարարի թափուր աթոռի համար երկու սահմանադրագետներից ոչ մեկին առաջարկ չի արվել