Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ «Իլուր»-ի խմբագրի դեմ հարուցված քրգործի մասին

Քաղաքականություն
dunya-miyatovich

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի առնչությամբ։ Խանումյանը մեղադրվում է «Իլուր» կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։ «Լրատվամիջոցների ներկայացուցիչները չպետք է պատասխանատվության ենթարկվեն հանրության հետաքրքրող տեղեկատվությունը հրապարակելու ու տարածելու համար»,- այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում գրել է Միյատովիչը. - «Եթե այդ տեղեկատվությունը օրենքով չի համարվում գաղտնի՝ ազգային անվտանգության նկատառումներով կամ այլ գերակա շահերի պաշտպանության համար, պետությունը պետք է լիակատար պաշտպանություն ապահովի՝ ընդդեմ լրագրողի աղբյուրը բացահայտելուն ուղղված ցանկացած իրավական կամ վարչական սանկցիայի»։ «Այս սկզբունքը անկախ լրագրության և ազատ մամուլի հիմնական պահանջներից մեկն է»,- շեշտել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կփակեն Խանումյանի դեմ հարուցված գործը։