«Պետք է գտնել հակամարտության բանակցված և ընդունելի տարբերակ» (տեսանյութ)
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն չի կիսում այն տեսակետները, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջին շրջանում դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերահսկման շրջանակներից՝ անցնելով առավելապես ռուսաստանյան ղեկավարման հարթակ։ Այս կապակցությամբ դեսպանը շեշտում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դեռ հայտնի կառույց է, դեռևս ոչ մի որոշումով, ոչ մի կառույց չեղարկված չի ճանաչել Մինսկի խմբի գործունեությունը ։ Դա կառույց է, որը կա և գործում է ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ստանձնած երեք պետություններն էլ միանգամայն ներդաշնակորեն աշխատում են միմյանց հետ ։ Եկող շաբաթ էլ սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան։ Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի նախագահող երկիր, որը լիովին խորամուտ է նմանատիպ թնջուկի կարգավորմանը, լիակատար հանձնառությունն է օգնել գտնելու հակամարտության բանակցված և ընդունելի կարգավորման տարբերակ»։ Ժան Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ Երևանում ստեղծված իրավիճակին ու հունիսի 23-ին ոստիկանների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին։ Այս համատեքստում դեսպանը շեշտեց, որ դա Հայաստանի ներքաղաքական կյանքն է և ինքը չի կարող այս կապակցությամբ մեկնաբանություններ անել։ Միևնույն ժամանակ դեսպանը հավելեց, որ նորմալ է գնահատում, երբ երկրում կան բողոքի ակցիաներ , երբ հասարակությունն իր դժգոհությունն է հայտնում իրեն հուզող խնդիրների շուրջ։ «Մենք ուշի ուշով հետևել ենք այստեղ տեղի ունեցող դեպքերին և դրանք լայնամասշտաբ լուսաբանվել են նաև ֆրանսիական մամուլով։ Հիմա ցույցերը, կարծեք թե մի փոքր մեղմվել են ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի ։ Իսկ ինչ վերաբերում է ոստիկանական գործողություններին, ապա շատ նորմալ է։ Ցանկացած ժողովրդավարական երկրում էլ լինում են բողոքներ , այդ կերպ մարդիկ իրենց անհամաձայնությունն են հայտնում, ինչպես նաև նորմալ է , որ պետական պատկան մարմիններն էլ միջամտում են դրանց՝ հասարակական կարգը պահպանելու համար»,- ասաց պարոն Շարպանտիեն՝ ընդգծելով նաև, որ Հայաստանի ոստիկանության և Ֆրանսիայի ներքին զորքերի միջև կա համագործակցություն՝ բողոքի ակցիաների կամ նմանատիպ հանրահավաքների կանոնակարգման և դրանց կառավարման ոլորտում։