Անիվների տեղափոխում՝ Հայաստանի պաշտպանական դիրքեր
Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն ՀԿ-ի (ղեկավար Արամ Գասպարի Սարգսյան) երիտասարդական կառույցի անդամները, լինելով զինվորական ծառայություն անցած տղաներ և տեղեկանալով պաշտպանական դիրքերում հնամաշ անիվների անհրաժեշտության մասին, նախաձեռնել և իրականացնում են հնամաշ անիվների հավաքման աշխատանքներ: Մասնավորապես, կառույցը սույն թվականի հուլիսի 8-10-ը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված, կազմակերպեց «Մեգաֆուդ» ՍՊԸ-ի տրամադրած անիվների տեղափոխում Հայաստանի պաշտպանական դիրքեր՝ Սիսիանի ուղղությամբ (մոտ 1000 անիվ): Կառույցի նախաձեռնող խմբի ղեկավար Մելիք Ամիրյանի ներկայացմամբ ակցիայի նպատակն է աջակցել հակառակորդի դիպուկահարների կրակը չեզոքացնելու, պաշտպանական պատնեշներ կառուցելու համար երկրի սահմանապահ դիրքերում իրականացվող ինժեներական աշխատանքներին: <<Այսկերպ անուղղակիորեն պարտադրում ենք հակառակորդին հրաժարվել ագրեսիվ նկրտումներից և գնալ հակամարտության կարգավորման երկխոսության ճանապարհով>>: Նրա խոսքերով զորամասում երախտագիտությամբ ընդունեցին արժեքավոր բեռը և հետագա արդյունավետ համագործակցության հույս հայտնեցին: Նախաձեռնող խումբը նախատեսում է հնամաշ անիվների մեկ խոշոր խմբաքանակ ևս (3500 անիվ) առաջիկայում տեղափոխել Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր, ինչպես նաև, սահմանապահ Բերքաբեր համայնքի նորաբաց մանկապարտեզին տրամադրել խոհանոցային պարագաներ, ննջասենյակները համալրել համապատասխան կահույքով և անկողնային պարագաներով: Նմանօրինակ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ: Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն ՀԿ մամուլի ծառայություն Երևան, 10.07.2015թ.