Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանը հացադուլը դադարեցրեց. հանրահավաքն ավարտվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
davit4

Դավիթ Սանասարյանը մինչ ելույթ ունենալը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հետևյալին, թե ինչքան ոստիկան կա տարածքում. «Այսինքն՝ նրանք մեր մեջ պայքարող ուժ ու քաղաքացի են տեսնում։ Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացու շահն անտեսվող որոշումներ է կայացվում, քանի դեռ մենք ենթարկվում ենք ոստիկանական բռնություններին։ Այս օրերին տեղեկություններ կան, որ ոստիկաններն այցելում են պայքարողների բնակարաններ ու փորձում հետ պահել նրանց պայքարից։ Սրա մասին պետք է ոստիկանությունը մտածի»։ Քաղաքացիներից մեկը ընդհատելով Դավիթ Սանասարյանին, ասաց, որ իշխանությունների գլխի տակ բարձ են դնում։ Ի պատասխան՝Դավիթ Սանասարյանը, թե. «Իշխանությունները ունե՞ն գլուխ, որ բարձ դնենք»։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը աուդիտ անցկացնելու մասին, Դ.Սանասարյանը նշեց, որ սրանով Սերժ Սարգսյանը հանրությանը ծուղակի մեջ է գցում. «Ուզո՞ւմ ենք վճարենք օլիգարխների պարտքերի դիմաց»։ Նա հիշեցրեց երեք պահանջները, որոնք դեռեւս չեն կատարվել. չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը, վերանայել գործող սակագինը եւ պատժել հունիս 23-ի բռնությունների մեղավորներին։ Հավելեց, որ թույլ չեն տալու ժողովրդի գրպանից գումար հանեն պարտքերը փակելու համար եւ գործող վարչակազմին ստիպելու են իրենց պահանջները։ Իր կողմից պահանջներին եւս մեկ կետ ավելացրեց. «ՀԷՑ-ի աուդիտը այն գործիքը չէ, որը կարող է բացահայտել փլուզման իրական պատճառները։ Պահանջում ենք ազգային անվտանգության հետ առնչվող էներգետիկ համակարգը փլուզման եզրին հասցնելու փաստով հարուցել քրեական գործ»։ Դավիթ Սանասարյանը նշեց, որ հաջորդ հանրահավաքին պահանջելու են հրաժարականներ ու ողջ պատասխանատվությունը դնելու են Սերժ Սարգսյանի վրա։ Վերջում Դավիթ Սանասարյանը հայտարարեց որ դադարեցնում է հացադուլը։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հաջորդ շաբաց, սակայն օրը որոշված չէ։