Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի սկզբանե որոշվել է նոր շենք կառուցել. Մոնսալվոն՝ «Զվարթնոցի» հին շենքի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
diana-nkar

Այսօր Հանրային խորհրդի հերթական նիստում կրկին քննարկվում էր «Զվարթնոց» օդանավակայանի օղակաձև շենքը քանդել-չքանդելու հարցը։ Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն այս կապակցությամբ հայտնեց իր դժգոհությունը՝ Հանրային խորհրդի այս քննարկումները համեմատելով բերդի պաշարման հետ։ «Սա նման է բերդի պաշարման շատ երկարատև գործընթացի, այսինքն՝ այնքան են բերդի պաշարումը երկարացնում, որ մտածում են , թե բերդի պաշտպանները կամ կհոգնեն կամ սովից կմահանան և վերջիվերջո, կհանձնվեն։ Հիմա նույնն այստեղ է։ Մենք բազմաթիվ անգամներ շեշտել ենք, որ օղակաձև շենքը մեր պատմամշակութային արժեքներից մեկն է, չի կարելի դրան ձեռք տալ։ Հանրային խորհուրդը պետք է վճռական լինի, չի կարելի այդ հարցն անընդհատ դնել քննարկման»,-իր ելույթում նշեց Հրաչյա Պետրոսյանը։ Քննարկմանը ներկա էր նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքների մենեջեր Լուկաս Պերես Մոնսալվոն։ Վերջինիս իր խոսքն ուղղեց Հանրային խորհրդի անդամ Գեղամ Գալստյանը՝ ասելով. «Դուք չպետք է ոչնչացնեք մեր ազգային արժեքները։ Դուք գտնվում եք Հայաստանում, իսկ հայը երբեք չի թողնի, որ իր արժեքները ոչնչացնեն՝ ուզում ա դա լինի Էռնեկյան, թե Պավլիկյան։ Էդ մարդը ինչ ա՞, չի ուզում հասկանա, որ սա ազգային արժեք է և սրան չպիտի կպնել։ Եթե ՀՀ երկրորդ նախագահի սխալ աշխատանքի հետևանքով մեր երկրի ելումուտը տրվել ա ուրիշներին, դա չի նշանակում, որ հենց էդպես էլ պետք է մնա կամ ինչ ուզեք անեք։ Պետք է այդ սխալն ուղղվի»։ Քննարկման ընթացքում ելույթ ունեցան նաև Հանրային խորհրդի այլ անդամներ ու բազմաթիվ ճարտարապետներ, ովքեր միաձայն նշում էին, որ դեմ են օղակաձև շենքը քանդելուն՝ նույն հիմնավորմամբ՝ այն տարիներ շարունակ հանդիսացել է Հայաստանի պատմամշակութային բազմաթիվ արժեքներից մեկը։ Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք օդանավակայնի ղեկավարությունը հաշվի չի առնելու Հանրային խորհրդի անդամների կարծիքն ու նաև այն հանգամանքը, որ Հայաստանում առհասարակ դեմ են, որ տվյալ շենքը քանդվի, Լուկաս Պերես Մոնսալվոն ի պատասխան ասաց, որ այդ հարցի պատասխանը չգիտի։ Առհասարակ, նա լրագրողների բոլոր հարցերին պատասխանում էր, որ իրավասու չէ տալ իրենց հարցերի պատասխանները։ Պարոն Մոնսալվոն իր խոսքում նշեց միայն հետևյալը. «Քաղավիացիայի վարչության և փորձագետների կողմից եղել է առաջարկը, խնդրանքը, թե ինչպես կարելի է օդանավակայանը ընդլայնել, որպեսզի այն համապատասխանի միջազգային պահանջներին։ Այնպես չէ, որ մենք չենք կարևորում օդանավակայանի այդ հին համալիրի արժեքը կամ չենք ընդունում դա։ Մենք դա հասկանում ենք, բայց օդանավակայանի փորձագետների կարծիքով՝ չենք կարող դա շահագործել որպես ժամանակակից պահանջներին համահունչ շենք և ի սկզբանե որոշվել է նոր շենք կառուցել»։