Քաղաքացիների մահակը իշխանությունների գլխին է. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Ազատության հրապարակում ցերեկվա ժամերին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողների թիվը չի անցնում հիսունը։ Ակտիվիստ Պավել Գրիգորյանը մարդկանց քիչ լինելը կապում է շոգ լինելու հետ։ Բայց իրենք դիմանում են ու զիջումների չեն պատրաստվում գնալ. «Եթե պետք լինի, կարող ենք 2-րդ անգամ փակել նույն փողոցը կամ Մաշտոցի կամ Տերյանի։ Կարեւորը ձայնը տեղ հասցնելն է»,-ասում է Պավել Գրիգորյանը։
Ռեժիմի դեմ պայքարելիս փակուղիներ միշտ էլ լինում են, ելք գտնելն է առաջնահերթ։ Ասում է հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանը։ Թեպետ ոստիկանությունը թույլ չի տալիս երթ անել, սակայն վաղը բողոքի այդ ակցիան են նախատեսում. «Պետք է լինի այնպիսի հաջողություն, որ իրենք հասկանան՝ կոշիկը հագնելուց հետո նասկին չեն հագնում։ Աուդիտը պետք է արվի նախօրոք։ Սերժ Սարգսյանը կամ այլ իշխանավոր, պետք է մեր հետ հաշվի նստի եւ որոշում կայացնելիս պարտավոր են գիտակցել, որ քաղաքացիների մահակը իրենց գլխին է»,-ասաց Դավիթ Սանասարյանը։
Նրան աջակցելու համար այստեղ են նաեւ Ոչ թալանին նախաձեռնության անդամները։
Մաքսիմ Սարգսյանը շարունակում է Ազատության հրապարակ այցելել. «Որքանով որ գաղափարային առումով ես կտեսնեմ ինձ այստեղ, կլինեմ այստեղ որպես անձ, որպես ՀՀ քաղաքացի»։
Ի դեպ, այսօր եւս չորս երիտասարդ հացադուլ է հայտարարել։ Թեեւ տեսախցիկների առջեւ չցանկացան խոսել, սակայն մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ ոստիկանությունից նրանց տուն են եկել եւ ծնողներին տեղեկացրել, որ որդիները հրավիրվում են ոստիկանություն։ Երիտասարդները մտադիր չեն ներկայանալու։