Բաղրամյան պողոտայում՝ փակ քննարկումից հետո (տեսանյութ)
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիներն այսօր մոտ երեք ժամ Բաղրամյան պողոտայում փակ քննարկում անցկացրեցին։ Թե այդքան ժամանակ ի՞նչ էին քննարկում և ի՞նչ որոշում կայացրին՝ դեռևս չեն մանրամասնում։ «Խոսում էինք կոնկրետ գործունեությունների շուրջ , մեր ընդհանուր գործունեության շուրջ է եղել հարցը»,-քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնում է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Սոֆյա Հովսեփյանը։ Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիներից Սուրեն Սահակյանն էլ իր հերթին «Ա1+»-ի հետ զրույցում նշել է. «Ամեն խնդիրներ էլ քննարկվում էին, ընդհուպ մինչև առողջական խնդիրները և ընդհանուր տեսլականը շարժման»։ Վերջինիս խոսքերով՝ շարժման մեջ պառակտում չկա , Ազատության հրապարակ տեղափոխվածներին իրենք էլ դավաճան չեն համարում։ « Ես նրանց գրկում եմ, համբուրում, հետաքրքրվում եմ նրանց որպիսությամբ, շատ բարեհամբույր զրուցում ենք։ Նրանց հետ կապված որևիցե խնդիր չկա»,-ասաց Սուրեն Սահակյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։