Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինկոմիսարիատներում հուլիսի 1-ին կկազմակերպվեն հանդիսավոր միտինգներ

Քաղաքականություն
ea440d034ac752b5867cf080c01e13a4

ՊՆ հայտարարությունը Հուլիսի 1-ին մեկնարկում է 2015թ. ամառային զորակոչը: Հանրապետության տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ վերջին տարիներին առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: ՀՀ զինված ուժերում ծառայելը և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Ուստի կոչ ենք անում ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը՝ զերծ մնալով զանցանքներից: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2015թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով: Զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայանում և տարածքային զինկոմիսարիատներում հուլիսի 1-ին կկազմակերպվեն հանդիսավոր միտինգներ: