Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սրտաճմլիկ բաներ մի՛ ասեք». Օսիպյանը՝ ցուցարարին

Քաղաքականություն
bax41

«Ոչ ոք նպատակ չի հետապնդել Սանիթեքի աշխատանքը խոչընդոտել»,-քիչ առաջ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը։ «Աղբամաններով այդ բաժանարար գիծը ստեղծվել էր արտակարգ իրավիճակի ժամանակ, երբ շարքերը գրեթե միասին էին՝ ոստիկանների և ցուցարարների։ Նման իրավիճակում անհնար էր ապահովել անվտանգությունն այլ կերպ, բացի ձեռքի տակ եղած իրերից»։ Պարոն Ղուկասյանը հորդորեց ոստիկանությանը՝ կարճել ակտիվիստների կողմից աղբամանները վերցնելու առթիվ հարուցված քրեական գործը։ «Սա ոստիկանությանը վնաս է։ Դուք ուզում եք ջրեք, ջարդեք, ձեզ ձեռք չի տալիս, որ ասեն՝ ոստիկաններն են արել»,-Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին դիմեց ցուցարարներից մեկը։ «Ո՞ւմ դեմ ես բացում քրեական գործ, մե՞ր դեմ։ Էդի գցի ժողովրդի վրա, ասա՝ ժողովուրդը ջարդեց»։ Լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում Երևանի փոխոստիկանապետը շեշտեց. «Յուրաքանչյուր աղբաման լուրջ արժեք ունի, ինչքան գիտեմ՝ արժեքը մոտ 300.000 դրամ է։ Քաղաքում վերջիվերջո գեղեցիկ դրված են աղբամանները։ Փողոցներից բերել են, երևի ստեղ կլինի 20-ից ավելի»։ Հարցին, թե ինչո՞վ կառաջարկի փոխարինել աղբամանները, պարոն Օսիպյանը նշեց. «Ոչ։ Մենք չենք փոխարինի, ոչ էլ կհամաձայնենք»։ Այնուհետ պարոն Օսիպյանը դիմեց ցուցարարներին. «Օրենք չիմանալը չի ազատում պատասխանատվությունից։ Քրեական գործ կա։ Երբ խոչընդոտ եք հանդիսանում, այդ խոչընդոտը կարժանանա իրավական գնահատականի»։ «Ի՞նչ կտաք սրանց փոխարեն»,-հարցրեց ակտիվիստներից մեկը։ «Բայց ինչի՞ պետքա տամ»,-հակադարձեց փոխոստիկանապետը։ «Ո՞րնա երաշխիքը, որ առավոտ 5-ին ջրցանով չեն ջրի մարդկանց, որ տենց գնան տուն։ Լիքը աղջիկներ, երեխեք կան, 13 տարեկան երեխեք եմ տեսել, մեծ մարդիկ եմ տեսել»,-շեշտեց ցուցարարը։ «Ըստ էության խոսեք։ Սրտաճմլիկ բաներ մի՛ ասեք, երիտասարդ»,-ասաց պարոն Օսիպյանը։ «Եթե ոստիկանությունն ուզենար կարգուկանոն հաստատել, աղբամանները խոչընդոտ չի»,-բղավեց նա։ «Մենք պատրաստ ենք, դատե՛ք։ Չե՛նք տալու»,-պատասխանեց ակտիվիստը։ Նա և մյուս ցուցարարները սկսեցին խփել աղբամաններին ու կրկնել. «Չենք տալու, չենք տալու...»։