«ԵՍ ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ ԽՈՍԱՑՈՂ ՉԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Ես «շնորհավորում եմ» կոալիցիային չափից ավելի ակտիվ աշխատելու համար: Կոալիցիան արձագանքեց իր ղեկավարի կամ ղեկավար դուետի. «Աշխատենք եւ կեղծենք միասին» կոչին: Ես «ողջունում եմ» Գալուստ Սահակյանի այն լավատեսական հայատարարությունը, թե հանրաքվեի ընթացքում կեղծիքներ իրականացնողները կենթարկվեն պատժի, սակայն ուզում եմ հարց տալ, ճիշտ այնպե՞ս, ինչպես 2003թ-ի նախագահական ընտրությունները կեղծողները»,- այսօր «Հայելի» ակումբում ԱԺ-ում ՀԿԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին դիմեց նրա ընդդիմախոս ՀԺԿ անդամ Թաթուլ Մանասերյանը:
Նա տեղեկացրեց, որ «Արդարություն» դաշինքը պատրաստվում է հայց ներկայացնել ՍԴ՝ ՀՀ-ում առկա բնակչության, հանրապետության ընտրական տարիքի մարդկանց թվաքանակի եւ 2003թ. ՀՀ նախագահի ընտրություններին փաստացի մասնակիցների վերաբերյալ անհամապատասխանությունների առնչությամբ:
Առանց անդրադառնալու ուղղված մեղադրանքներին եւ պարոն Մանասերյանի ներկայացված փաստերին Գալուստ Սահակյանն ասաց. «Քաղաքականությունը լիրիկա չէ: Սա հրեշտակաների եւ մահկանացուների պատերազմ չէ»: ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ հանրաքվեի օրը դիտորդական առաքելություն չի իրականացրել եւ կեղծիքների մասին որեւէ փաստ չունի: «Ես այստեղ մութ բաներ եմ տեսնում: Դուք միջազգային հանրությանն օգնում եք, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները նույն նժարին դնելու համար: Եթե ասելիք ունեք, կարող եք ԱԺ-ի խոսափողն օգտագործել»,- ընդդիմությանն իր հերթին մեղադրեց պարոն Սահակյանը:
Գալուստ Սահակյանի այս հայտարությունը պատճառ դարձավ, որպեսզի Թաթուլ Մանասերյանը հիշեցնի, որ նույն կոալիցիայի անդամներն՝ այդ թվում Գալուստ Սահակյանը, պետական բյուջեն, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխությունները գովերգեցին՝ առանց այն կարդալու: Պարոն Սահակյանն այսօր էլ հրաժարվեց անդրադառնալ սահմանադրական փոփոխութությունների վիճահարույց դրույթների բովանդակությանը. «Այսօրվա թեման դա չԷ, իսկ ես դեսից-դենից խոսացող չեմ»: Լրացնելով իր ընդդիմախոսին պարոն Մանասերյանն ասաց. «Մարդիկ, ովքեր սովորություն չունեն փաստաթղթերը մինչեւ վերջ կարդալ, նման հարցերը դեսից-դենից խոսել են համարում»:
«ԵՍ ԲՈԼՈՐԻՆ ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ Ա1+ԻՆ»
Հանրաքվեի արդյունքներից եւ ընդհանրապես ցանկացած հարցում իշխանություններին ընդդիմության հակադրվելն այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսպես բացատրեց. «Ռոբերտ Քոչարյանին չեն սիրում»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Սահակյանը ողջունում է Ռոբերտ Քոչարյանի յուրաքանչյուր քայլը, փորձեցինք պարզել՝ իսկ Դուք սիրու՞մ եք պարոն Քոչարյանին: «Ես բոլորին եմ սիրում: Ես ձեզ էլ եմ սիրում»: Պարոն Սահակյանի այս խոսքերը ստիպում են հիշել մեկ այլ խոստովանություն, երբ «Ա1+»-ին եթերազրկելուց հետո պարոն Քոչարյանն էլ հայտարարեց, որ սիրում է մեզ:
«Մի վախեցեք, իմ սերը շատ խորն է»,- ասաց Գալուստ Սահակյանը: Քանի որ պարոն Սահակյանը խիստ անկեղծ էր փորձեցինք նաեւ պարզել՝ հանրաքվեի արդյունքներին անվերապահորեն հավատալով՝ նա գիշերները կարողանու՞մ Է հանգիստ քնել. «Երկու օր է բարձր ջերմությամբ պառկած եմ: Ձեր խաթր եմ եկել»: