Էլեկտրաէներգիայի թանկացումն ու «Ակցիզային հարկ»-ը՝ շաղկապված (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքները չվերացրած՝ կառավարությունը հանրությանը մատուցում է նոր թանկցումներ։ Առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որ նախատեսում են ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, դիզվառելիքի և բենզինի գների բարձրացում։ Կառավարությունը հիմնավորում է ՝ սրա արդյունքում պետական բյուջեն կհարստանա 9 միլիարդ դրամով, սակայն առանց պարզաբանելու, թե մասնավորապես ինչ նպատակի են ծառայելու այս գումարները։ «Նպատակը մեկն է ՝ ուրիշ բան չունեն անելու՝ բացի նրանից , որ իրենց բյուջեի դեֆիցիտը փակեն այսպիսի միջոցներով։ Եթե փորձեն միայն ու միայն ժողովրդից քամել այն, ինչ որ ուզում են բյուջեն լցնելու համար կամ վարկ վերցնեն, որ բյուջեի դեֆիցիտը փակեն, այս երկուսն էլ անընդունելի է, և ընդհանրապես տնտեսագիտական տեսանկյունից անգրագետ քաղաքականություն է»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է «Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը։ Կառավարության առաջարկն օրենքի ուժ կստանա աշնանը։ Դրանից հետո մեքենայի՝ գազով լիցքավորումը կթանկանա 200 դրամով, բենզինի մեկ լիտրը՝ 7 դրամով։ Ակնհայտ է, որ դա առաջ կբերի նոր թանկացումներ։ Էլեկտրաէներգիայի թանկացումն ու «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունները մեր քաղաքացիները համարում են շաղկապված։ Նրանք անդրադառնում են նաև էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառմանը։ Մանրամասները՝ տեսանյութում