Իշխան Զաքարյանի տվյալներ հիման վրա որեւէ մարդ պատժվե՞լ է (տեսանյութ)
«Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ամենասկզբի պայմանագրով ե՞րբ պետք է ավարտվեր ծրագիրը: Սա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին հուզող հարցերից մեկն էր, որը նա ուղղեց Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին։ Վերջինս ԱԺ արտահերթ նիստում այսօր ներկայացնում էր ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության՝ չորրորդ հերթի, նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների ներդրումային վարկի մասին» նախագիծը: «Պարոն Առաքելյան, որքան եք նախատեսված գրաֆիկից շեղվել, եւ որքան հիշում եմ՝ 700 մլն դոլար էր կազմում ծրագիրը: Ուզում եմ իմանալ՝ ձեր սպասվելիք վարկերի չափը մեկ ու կես միլիա՞րդ է: Ի վերջո, որքա՞ն կկազմի ամբողջ ծրագիրը: Ստացվում է՝ դուք պետական պարտքերի մեջ ամենածանր մասն եք կազմում: Նաեւ ուզում եմ իմանալ՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրապարակած տվյալներ հիման վրա որեւէ մարդ պատժվե՞լ է, թե ոչ»,- շարունակեց իր հարցերը Արամ Մանուկյանը: Նա նաեւ նկատեց, որ երկու շաբաթ առաջ մասնակցում էին Սեւծովյան պառլամենտական վեհաժողովին, որի ժամանակ պարզ դարձավ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մասնակցում են Մետաքսի ճանապարհի 43 մլրդ դոլարանոց ծրագրին. «ՀՀ-ն չկար: Դա դիվանագիտական խնդի՞ր է, որ մենք չկանք, թե այլ բացատրություն կա»: Արթուր Առաքելյանն ի պատասխան նշեց, որ լինելու են նոր վարկային համաձայնագրեր, հակառակ դեպքում իրենց արած աշխատանքը տուպիկային կլիներ կամ օգտակար կլիներ միայն ներպետական փոխադրումների համար. «Մինչդեռ սրա կարեւոր նպատակն է՝ երկրի հյուսիսն ու հարավը կպցնել բարձրակարգ հաղորդումներով, ապահովել այնպիսի երթեւեկության հնարավորություն, որ այլ պետություններից բեռներ փոխադրողները գոհ լինեն: Այո, կլինեն նաեւ նոր ծախսեր: Այս ծրագրի արդյունավետությունը զրո կլիներ, եթե քսան կմ հատված կառուցեինք ու մնացածը լիներ մեր հին ճանապարհը: Ինչ վերաբերում է ծրագրի վերջնական ավարտին, ապա նախնական արժեք է հայտարարվել սկզբում, սակայն հստակ բան շինարարության մեջ հնարավոր չէ ասել. նախագծային աշխատանքները դեռ ընթանում են: Սպասենք մի փոքր. այս տարվա ավարտին կունենանք նախագծային աշխատանքների վրա հիմնված վերջնական գնահատականներ, վերջնական գին»: Ինչ վերաբերում է Մետաքսի ճանապարհին, ապա փոխնախարարի պատասխանը հետեւյալն էր. «ՀՀ-ն առաջինն է եղել ու մեր նախարարությունն առաջինն էր, որ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան այցի ժամանակ ներկայացվել է երկաթուղու ծրագիր, որը կփորձենք ի կատար ածել: Մենք պասիվ չենք այդ առումով»: Արամ Մանուկյանին չգոհացրին նրա պատասխանները. «Պարոն Առաքելյան, կոնկրետ պատասխանելը սիմպատիա է բերում, վստահություն, պատասխաններից խուսափելը բերում է կասկածների: Նորից կրկնում եմ հարցեր»: Փոխնախարարի պատասխաններն ավելի հստակեցվեցին. «700 մլն դոլարի մասին չեմ լսել, եղել են միայն քննարկումներ: Ես շատ կոնկրետ եմ պատասխանում ու երբեք չեմ փորձում խուսափել պատասխաններից: Մենք հետ չենք ընկել, ժամանակին կավարտենք ծրագիրը»: