«Երկաթուղու կառուցմամբ ադրբեջանաթուրքական շրջափակումից դուրս կգանք» (տեսանյութ)
«Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը շատ կարևոր է մեր երկրի համար»,-վստահ է արևելագետ Վարդան Ոսկանյանը։ Սա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հարցեր է լուծում մեզ համար։ Բացի այդ, ձեռնտու, շահավետ նախագիծ է, որի իրականացման համար մեր երկիրը պետք է բոլոր անհրաժեշտ քայլերը կատարի։ «Տնտեսական առումով էլ կարող է շահավետ լինել, բայց եթե այդպես էլ չլինի, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական առումով բավականին հաջող ծրագիր է»,-շեշտեց պարոն Ոսկանյանը։ Արևելագետն այս ծրագրում տեսնում է նաև հոգեբանական կողմը։ «Սա նոր խթան կտա մեզ, հոգեբանական առումով դրական կլինի։ Մենք պետք է ձգտենք խոշոր ծրագրերի, նախագծերի մասնակից լինել։ Սա երազանքային ծրագիր է, որն իրականանալի է։ Այս երկաթուղու կառուցմամբ, փաստորեն, Հայաստանը հայտնվում է Պարսից ծոցի ափին։ Բացի այդ, ադրբեջանաթուրքական շրջափակումից դուրս ենք գալիս»,-համոզմունք է հայտնում նա։ Բայց նշում է, որ իրանական կողմին էլ է ձեռնտու նախագիծը կյանքի կոչելը, քանի որ սա ամենակարճ ուղին է՝ Իրանը միացնելու Սև ծովին, մասնավորապես՝ Վրաստանի նավահանգիստներին։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանն այս հարցում տնտեսական կողմ ընդհանրապես չի տեսնում։ «Քաղաքական առումով սա փրկություն է, իսկ տնտեսականով՝ չեմ կարծում, որ առաջիկա տարիներին որևէ օգուտ տա մեր երկրին»։ Բայց շեշտում է, որ իրանական կողմը քաջ գիտակցում է, որ երկաթուղու կառուցման հարցում ավելի շահագրգիռ կողմը մենք ենք։ Իրանագետը հիշատակում է ՀԽՍՀ նախկին վարչապետ Բադալ Մուրադյանի խոսքերն, ով նշել էր, որ անգամ եթե մեկ ավանակ իր սայլով տարին մեկ անգամ անցնի այդ կամրջով, դա պետք է կառուցվի։ «Այսինքն, սա մեզ անհրաժեշտ է, մեզ կփրկի, շնչառություն կտա»,-նշեց նա։ Երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է մոտ 3 մլրդ դոլար։ Մասնագետները վստահ են, որ լինի Համաշխարհային բանկը, թե այլ կառույց, որտեղից որ հնարավոր է՝ պետք է այդ գումարը գտնել ու իրականացնել երկաթուղու կառուցման խոշորամասշտաբ նախագիծը։