Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ-ն իր պետական պարտքի հաշվին վարձատրում է դրսի փորձագետներին» (տեսանյութ)

Տնտեսություն
f070754c3f8ab8a74b089faabbb6a72f

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ 2020թ-ին Հայաստանի պետական պարտքը կազմելու է ՀՆԱ –ի 62%-ը։ Տնտեսագետ Վիլեն խաչատրյանը բացատրում է՝ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանը հետզհետե ավելացնելու է իր արտաքին պարտքի շեմը։ Այս համատեքստում տնտեսագետը հիշեցնում է, որ 2007թ-ին Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 14,2 %-ը, այժմ 52,8 տոկոս է։ Տնտեսագետը, սակայն, այս բացասական ցուցանիշներով հանդերձ ստեղծված իրավիճակում դրական նոտա էլ է տեսնում։ Նշում է՝ կան երկրներ, որոնք ավելի վատ իրավիճակում են գտնվում։ «Օրինակ՝ Հունաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 172%, Իտալիայում՝ 133%, Ճապոնաիայում ՝ 246%, բայց Ղազախստանում՝ 17,2 %, Ռուսաստանում՝ 18.8%՝ այդքան պատժամիջոցներով հանդերձ, իսկ ԱՄՆ-ի արտաքին պարտքը 2015թ- 105,1%»,- շեշտում է Վիլեն Խաչատրյանը։ Այդուհանդերձ, վերջինս հորդորում է չհամեմատվել ԱՄՆ-ի կամ եվրոպական երկրների հետ, քանզի այդ երկրները ունեն փող տպելու գործառույթ, որով էլ կարող են մարել իրենց պարտքերը։ «ԱՄՆ-ի այդ 105,1%- անոց պարտքը նաև այն բոլոր երկրների պարտքն է, որոնք իրենց ռեզերվները պահում են դոլարով։ Ամերիկայի դոլարը մենք մեր ռեզերվներում պահելով, բնականաբար, մեր վրա ենք կրում նրանց պարտքի մասնաբաժինը»,- ասաց պարոն Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանը իր հարևան երկրների շարքում ամենաշատ պարտք ունեցող երկիրն է, իսկ ամենաքիչը Իրանն է ՝ 11,9%, Վրաստանը՝ 44,2 %։ Հայաստանն արդյո՞ք արդյունավետ և նպատակային է օգտագործում այն բոլոր գումարները, որոնք նա պարտքի տեսքով ստանում է արտաքին աղբյուրներից։ «Ա1+»-ի լրագրողի հարցին ի պատասխան տնտեսագետը նշեց. «Այս պարտքային քաղաքականությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսության մեջ բացասական զարգացումներ կան և փորձում ենք կանխել այդ զարգացումները։ Արդյունք չտալու հետ համամիտ եմ։ Մի շարք նախագծեր օդում են մնում, և այդ պարտքերի զգալի մասը գնում է խորհրդատվության։ Խորհրդատվական բնույթի ծախսերի բաղադրիչը պարտքերի մեջ բավականին շատ է, և սա էլ երկրներին պարտքի, կախվածության մեջ գցելու ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի մեխանիզմներից է։ Տալիս են պարտք, իրենց ամենաթանկ փորձագետներին են ուղարկում և ստացվում է, որ Հայաստանը իր պետական պարտքի հաշվին վարձատրում է տվյալ փորձագետներին՝ խորհրդատվություն տալու համար։ Երբ որ պարտքը տալիս են, ասում են, որ այսքան բաղադրիչը պետք է լինի խորհրդատվությունը, իսկ խորհրդատուները լինելու են մեր մարդիկ, եթե չէ , ուրեմն պարտք չենք տալիս»։