Լեւոն Արոնյանը ստիպեց Կարուանային սխալվել
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Ստավանգերում ընթացող շախմատի սուպերմրցաշարում: Այսօր կայացած 5-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով ուժերը չափեց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 2-րդ համար Ֆաբիանո Կարուանայի հետ: Սկզբում խաղատախտակին հավասար պայքար էր գնում, սակայն Լեւոն Արոնյանը, այնուամենայնիվ, անսպասելի քայլերով մրցակցին ստիպեց սխալվել: Մեր շախմատիստը դիրքային առավելություն ստացավ, որն աստիճանաբար վերածեց նաեւ նյութականի: Իտալացի շախմատիստը վերջնախաղում ոչինչ չկարողացավ հակադրել սպիտակների գրոհներին եւ 60-րդ քայլին անձնատուր եղավ: Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ նույն Կարուանայի ու Ալեքսանդր Գրիշչուկի հետ այժմ բաժանում է 6-8-րդ տեղերը: Վաղը նախատեսված 6-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով կհանդիպի հոլանդացի Անիշ Գիրիի հետ, որը 3 միավորով ընթացում է երրորդ տեղում: