Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն Ջանջուղազյան, երեւի դուք էլ չեք հավատում՝ ինչ եք ասում». դեֆոլտի եզրի՞ն ենք

Տնտեսություն
melkumyan

ԱԺ-ն արտահերթ նիստում «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ վերցրած պարտքի արդյունավետությունը ցույց տալու հնարավորություն պետք է ունենանք: Նրան հետաքրքրում էր՝ ինչ է լինելու առաջիկա տարիներին, քանի որ ՀՆԱ-ի աճ հաստատ չի լինելու, իսկ բյուջեի դեֆիցիտի պահով ռիսկայնություն է տեսնում. «Ուզում եմ հասկանալ՝ սա արվում է միայն ԵՄ «Մաստրիտի» համաձայնագրի համապատասխանությա՞ն համար, թե ռիսկայնությունը իջեցնելու ու առավել լավ պայմաններով դոնորներից համապատասխան ռեսուրսներ ներգրավելու համար»: ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց, որ այս փոփոխություններն ընդամենը վիճակագրությունը բարելավելու նպատակ ունեն, քանի որ բովանդակությունը չի փոխվելու. «Իսկ այն խնդիրները, որոնք թվարկեցիք, կան»: Պատասխանը զարմացրեց Միքայել Մելքումյանին. «Բա էտ դեպքում արտահերթ ռեժիմը ո՞րն էր. եթե միայն վիճակագրությունն է, ինչու եք հարցը բերել արտահերթության կարգով քննարկում: Երեւի դուք էլ չեք հավատում, պարոն Ջանջուղազյան, ինչ եք ասում: Եվ եւս մի բան հստակ ասեք, որ ամբողջ հայ ժողովուրդն իմանա՝ դեֆոլտի եզրի՞ն ենք կանգնած»: Ատոմ Ջանջուղազյանը անմիջապես հստակեցրեց իր միտքն՝ ասելով. «Ոչ ամենեւին նկատի չունեմ, որ նախագիծը բովանդակություն չունի, այլ ներկայացված  փոփոխությունները պետական պարտքի ռիսկը չեն ավելացնում կամ պակասեցնում: Վստահեցնում եմ ձեզ՝ դեֆոլտի ռիսկ չունենք. եթե թեկուզ փոքր նշույլ ունենայինք դեֆոլտի, ապա նոր ներդրումների հնարավորություն չէինք ունենա»: