Փոխում են «Պետական պարտքի մասին» օրենքը. վտանգավոր եզրագծում ենք
ԱԺ-ն արտահերթ նիստում սկսեց քննարկել «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունները: Ինչպես ներկայացրեց ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀՀ-ն դեռ 1993թ. սկսել է պետական պարտք ներգրավել: Ըստ փոփոխությունների՝ պետական պարտքը այլեւս չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի հիսուն տոկոսը, ապա դեֆիցիտը պետք է կազմի միջին ցուցանիշի երեք տոկոսը: Պարոն Ջանջուղազյանը նշեց նաեւ, որ ԵՏՄ-ով սահմանափակում է նախատեսված պետական կառավարման հատվածի պարտքի վրա, այն չի ներառելու ֆինանսավարկային կառույցների, մեր դեպքում՝ ԿԲ պարտքը. «Փոփոխություններով հստակեցվում են կառավարության պարտականությունները պետական պարտքի սահմանափակումների դեպքում»: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նկատեց, որ մեր պետական պարտքը կազմում է 4.7 մլրդ դոլար, իսկ անցած տարվա տվյալներով մեր ՀՆԱ-ն կազմում է 10,2 մլրդ դոլար. «Սա վտանգավոր եզրագիծ է: ԵՏՄ-ում նշվա՞ծ է, որ պետական պարտքի համար նախատեսված այդ վաթսուն տոկոսը վերաբերում է կառավարությանը: Ես ինչպես հասկացա՝ նախագծով Կառավարության պարտքը պետք է առանձնացվի, ու պետությունը կարող է հավելյալ պարտք կուտակի»: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ մյուս երկրների հետ համեմատությամբ ՀՀ-ն շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր, քանի որ չի հասել վաթսուն տոկոսի շեմին, որը աշխարհում համարվում է մտահոգիչ: Ըստ նրա՝ մենք մոտենում ենք այդ շեմին, սակայն ոչ այդքան արագ. «Մենք մեկ ու կես միլիարդ դոլար պարտք վերցնելու հնարավորություն ունենք, սակայն դրա համար պետք է լինեն բացատրություններ, ծրագրեր: Վերցրածի արդյունավետությունը ցույց տալու հնարավորություն ունենանք: Ինչ է լինելու առաջիկա տարիներին, քանի որ ՀՆԱ-ի աճ հաստատ չի լինելու, ինչ ենք անելու, բյուջեի դեֆիցիտի պահով ռիսկայնություն եմ տեսնում»: