Սրճարանում կարող եք վճարել հեռախոսով
Շուրջ 70 ընկերություն, զանազան առաջարկներ ու ծառայություններ. մեկնարկեց 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը։ Մասնակից ընկերությունները ներկայացնում են ՏՏ ոլորտն ու բիզնեսի այլ բնագավառներ, նաև՝ պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ։ Վերջիններից ներկայացված էին Առողջապահության, Արդարադատության և Ֆինանսների նախարարությունները, Կենտրոնական բանկը։ Երկօրյա ֆորումն անցկացվում է վարչապետի հովանու ներքո, իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ, շրջեց բոլոր տաղավարներով, հետաքրքրվեց առաջարկվող ծառայությունների որակով։ Արդարադատության նախարարության ներկայացրած տաղավարին մոտենալով, վարչապետը հարցրեց. «Արդարություն իրականացնո՞ւմ եք»։ Նախարարության աշխատակիցները ժպտացին և դրական պատասխան տվեցին։
«Մեր ընկերությունը զբաղվում է սպասարկման ոլորտի ավտոմատացման համակարգերի մշակմամբ և արտադրությամբ։ Նման լուծումների առումով այս պահին Հայաստանում լիդեր ենք հանդիսանում։ Հերթերի կառավարման համակարգը շատ ընկերություններում հանդիպած կլինեք. բանկերում, ծառայություն մատուցող պետական մարմիններում։ Կտրոնը վերցնում ես և տեսնում քո համարը գրված»,-նշեց Limetech ընկերության ներկայացուցիչ Սոնա Մամյանը։
«Երկու ծառայություն ենք ներկայացնում. մեկն այն է, որ բանկային գործարքները հասանելի են ցանկացած պահի, թեկուզ գիշերը։ Պարզապես պետք է հեռախոսով ստուգել հաշիվները և փոխանցումներ կատարել։ Իսկ մյուսն այն է, որ կարողանաք բջջային հեռախոսով կատարել վճարումներ։ Օրինակ, եթե սրճարանում ձեզ հաշիվը բերեն և ուզեք վճարում կատարել հեռախոսով, ձեզ կուղարկեն հաշիվը և գումարը կգանձվի։ Վճարում եք առանց պլաստիկ քարտի, պին կոդի։ Այս ծառայությունը որևէ այլ բանկ չի իրականացնում»,-ասաց «Կոնվերս բանկ»-ի պրոդուկտների զարգացման բաժնի մասնագետ Ալեքսանդր Իգիթյանը։
«Oracle-ը աշխարհի խոշոր ընկերություններից մեկն է, այժմ 30 խոշորագույնների շարքում է։ Հիմա ընկերությունը մեծ գրասենյակ ունի Հայաստանում, շատ պատվիրատուներ կան։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի լիդերներից է։ Ծրագրային լուծումներ ենք տալիս բիզնեսին, բանկերին, պետական կառավարման մարմիններին»,-իր հերթին նշեց Oracle ընկերության վաճառքի պատասխանատու Սեմյոն Պոպովը։
Երկօրյա ֆորումը եզրափակվելու է առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությամբ։ «Դիջիբիզնես» անվամբ մրցանակը տարբեր անվանակարգերում կշնորհվի ոչ ՏՏ ոլորտի 10 ընկերությունների, որոնք իրենց գործունեության շրջանակում հաջողությամբ կիրառում են առաջատար տեխնոլոգիական լուծումներ։
