Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաները մի օր ռեստորան չգնան՝ տուժողներին կփոխհատուցեն (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-karavar

Կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները գիտեն իրենց խնդիրների լուծումը։ «Թող մի օր կառավարության բոլոր անդամները բարի ժեստ անեն, այդ օրը ռեստորան չգնան, ավելորդ ծախսեր չանեն, բենզին չլցնեն, այստեղ էլ մարդ չի կանգնի, հերիք է, կերան մեր փողերը, թող մի քիչ էլ իրենց գրպանները պակասեցնեն»,- այսօր հայտարարեց Դալմայի այգիների նախկին հողօգտագործող Զոյա Գաբրիելյանը։ 2004 թ-ից հետո Դալմայի այգիների հողօգտագործողները չեն կարողանում ստանալ փոխհատուցումը: 12 սեփականատեր այսօր կրկին հավաքվել էր կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էին իրենց հասանելիք գումարները: Պատկան մարմինները հայտարարել են, թե իրենց պետք է փոխհատուցեն գնորդները։ «Գնորդն էլ ասում է, ես արդեն վճարել եմ, սեփականատեր եմ։ Ձեզ գումար չունեմ տալու»,- նշում է Սուսաննա Ներսիսյանը, իսկ Հայկ Հովհաննիսյանն ավելացնում է. «Ինչպես վաճառվել է անհատներին, գումարը մտել է պետբյուջե, մենք պահանջում ենք, որ փոխհատուցումը տրվի պետբյուջեից, ոչ թե գնորդից»։ «Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչներն էլ ցանկանում են հստակ իմանալ, թե երբ է սկսվելու այն շենքերի շինարարությունը, որոնց համար դեռ 2006 թ-ին են վճարումներ կատարել։ Ութ տարի թոշակ չստացած օդաչուները հանդիպում են պահանջում վարչապետից։ Հովիկ Աբրահամյանը նրանց խոստացել էր, որ մինչև մարտ ամիսը կլուծվի խնդիրը, սակայն խոստումը օդում է մնացել։ «Մենք ողորմություն չենք խնդրում, մենք ուզում ենք, որ օրենքները գործեն»,- ասաց նախկին օդաչու Սեյրան Սարգսյանը։ Առանց որեւէ պատասխան ստանալու՝ բողոքող քաղաքացիները հեռացան՝ մյուս հինգշաբթի կրկին գալու մտադրությամբ։