Շանթը չի դադարեցրել հացադուլը. Նա պահանջում է հանդիպում պաշտոնյաների հետ
Հունիսի 8-ից հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանը չի դադարեցրել հացադուլը, քանի որ նրա պաhանջը կատարվել է մասնակիորեն։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Շանթի որդին՝ Շահեն Հարությունյանը։ Ըստ նրա՝ սեփական անձի անվտանգության ապահովման պահանջից զատ, Շանթը առաջ է քաշել նաև պետության անվտանգության հարցը։ «Հավանաբար այդ մասին է հայրս ցանկանում խոսել Վլադիմիր Գասպարյանի և Սեյրան Օհանյանի հետ։ Ես նրա հետ հաճախ չեմ կարողանում շփվել և այդ մասին մանրամասների չեմ տիրապետում»,- նշեց Շահեն Հարությունյանը։ Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ բավարարվել է Շանթ Հարությունյանի նախորդ պահանջը՝ սեփական անվտանգության ապահովման և նոր խուց տեղափոխման հետ կապված։ «Շանթ Հարությունյանը մեզ դիմել է անվտանգության ապահովման և նոր խուց տեղափոխման համար և դա կատարվել է։ Նոր պահանջի մասին մենք դիմում չենք ստացել»,- նշեց ՔԿՀ մամուլի պատասխանատուն։ Շանթ Հարությունյանի վերջին նամակը՝ ստորեւ. «Պարոնայք Վլադիմիր Գասպարյան և Սերյան Օհանյան, ցանկություն եմ հայտնել հանդիպել Ձեզ երկուսիդ, ինչը անձնական հարց չէ: Ձեզ հանդիպելու առաջարկը կամ խնդրանքը ( ոնց կուզեք հասկացեք) զուտ ազգային անվտանգության հետ է կապված: Եթե երկուսդ էլ թքած ունեք Հայաստանի անվտանգության վրա, ուրեմն կամա թե ակամա երկուսդ էլ դառնում եք հայրենիքի դավաճան: Իսկ, եթե կարծում եք, թե ամոթ է Ձեր պաշտոնի ու դիրքի մարդկանց այցելել Շանթին, ասեմ Ձեզ. Վովա, դու հազար տարի էլ լինես ոստիկանապետ, միևնույն է երբեք չես հասնի Վանոյի դիրքին ու հեղինակությանը, իր՝ ոստիկանապետ եղած ժամանակ։ Նույն էլ դուք, Սեյրան Օհանյան, երբեք չեք հասնի Վազգենի դիրքին ու հեղինակությանը: Իսկ նրանք, ոչ միայն ինձ էին ընդունում իրենց մոտ ու երբեմն էլ այցելում ինձ, այլև խորհուրդ էին հարցնում, լսում իմ կարծիքն ու առաջարկները: Ու դա հեչ էլ ամոթ չէին համարում: Ես հացադուլի մեջ չեմ մնա, մինչև մեռնեմ կամ Ձեզ հանդիպեմ, քանի որ Ձեզ հանդիպելը արժեք չի իմ համար, բայց հացադուլ կանեմ մինչև բավարար հյուծվեմ՝ հանրությանը ցույց տալով Ձեր բարոյական և հումանիստական նկարագիրը: Շանթ Հարությունյան 16.06.2015թ. «Վարդաշեն» ՔԿՀ Հ.Գ. Վովա, եթե քեզ թվում է՝ ամեն ամիս մի քանի բլոկ սիգարետ ուղարկելով, բայց հացադուլավորին չայցելելով առաքինի են դառնում, չարաչար սխալվում ես: